Խորհրդարանում քննարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021–2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցը։
Հիմնական զեկուցող, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթի սկզբում նշեց, որ այսօր Հայաստանը բոլորովին այլ պետություն է, քան 2018 թվականին։
«Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան՝ ավելի, քան երբևէ, ժողովրդավարական՝ ավելի, քան երբևէ, զարգացած՝ ավելի, քան երբևէ, խաղաղ՝ ավելի, քան երբևէ, բարեկեցիկ՝ ավելի, քան երբևէ, անվտանգ՝ ավելի, քան երբևէ», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այսօր պետության հեռանկարները ավելի հստակ են, քան երբևէ, և դա առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությամբ, որը, ըստ նրա, հաստատվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ։
«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, և պետք է արձանագրել, որ այն ունի նաև բավականին ուժեղ իրավական հիմք», – նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ դա կարևոր արձանագրում է։



















