Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի փոխայցերը։ Այս մասին նա հայտնել է ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ Հայաստան կատարած այցին։
«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Կարծում եմ՝ երկու երկրների փոխվարչապետների այցերը պատմական են՝ խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացման տրամաբանության մեջ։ Շատ ուրախ եմ, որ հասել ենք այս հանգրվանին»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակաբար բարելավել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները՝ նպաստելով խաղաղության ամրապնդմանը։
«Պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ նաև ռազմավարական առումով բարիդրացիական հարաբերություններ»,- նշել է նա։



















