Հանտավիրուսի բռնկումից հետո Թեներիֆեում սկսել է զբոսաշրջային նավի ուղևորների տարհանումը

Ատլանտյան օվկիանոսում գտնվող MV Hondius զբոսաշրջային նավում հանտավիրուսի բռնկումից հետո, որի հետևանքով երեք մարդ մահացել է, սկսել են ուղևորների և անձնակազմի տարհանումը։ Նավը կիրակի հասել է Իսպանիայի Թեներիֆե կղզի, որտեղից ուղևորներին հատուկ չվերթներով տեղափոխում են տարբեր երկրներ։

Reuters-ի փոխանցմամբ՝ նավում արձանագրվել է առնվազն ութ վարակման դեպք, որոնցից վեցը հաստատված են։ Մահացածների թվում են Նիդեռլանդների երկու քաղաքացիներ և մեկ գերմանացի։

MV Hondius-ը Նիդեռլանդներում գրանցված էքսպեդիցիոն նավ է, որը ապրիլի 1-ին դուրս էր եկել Արգենտինայից՝ դեպի Ատլանտյան հեռավոր կղզիներ ճանապարհորդության։ Առաջին ուղևորը ախտանշաններ էր ունեցել դեռ ապրիլի 6-ին, իսկ ապրիլի 11-ին նավում գրանցվել էր առաջին մահը, որը սկզբում բնական մահ էր համարվել։ Ավելի ուշ հաստատվել էր, որ խոսքը Andes hantavirus-ի մասին է՝ հանտավիրուսի մի շտամ, որը հազվադեպ դեպքերում կարող է փոխանցվել նաև մարդուց մարդ։

Կասկածվում է, որ առաջին վարակվածները վիրուսը ստացել են Հարավային Ամերիկայում՝ նավ մեկնելուց առաջ կամ վայրի բնության դիտարկումների ընթացքում։ Դրանից հետո նավում սկսել են ի հայտ գալ նոր դեպքեր։

Հանտավիրուսը հիմնականում փոխանցվում է կրծողների միջոցով և կարող է առաջացնել ծանր շնչառական կամ երիկամային խնդիրներ։ ԱՀԿ-ն ուղևորների համար խորհուրդ է տվել 42-օրյա կարանտին, սակայն ընդգծել է, որ ընդհանուր բնակչության համար ռիսկը շարունակում է մնալ ցածր։