Եվրահանձնաժողովը Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջին զեկույցը

Եվրոպական հանձնաժողովը մայիսի 5-ին Հայաստանին է փոխանցել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը։ Այդ մասին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ զեկույցում արձանագրվել է Հայաստանի իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համար անհրաժեշտ բարեփոխումները։

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին, իսկ գործողությունների ծրագիրը Հայաստանին է փոխանցվել 2025 թվականի նոյեմբերին։ Այն ներառում է 74 հենանիշ, որոնք պետք է իրականացվեն երկու փուլով՝ օրենսդրական և քաղաքականության շրջանակի ձևավորում, ինչպես նաև դրանց գործնական կիրարկման ապահովում։

Զեկույցում ներկայացվել են Հայաստանի կողմից արձանագրված առաջընթացն ու ձեռնարկված քայլերը չորս հիմնական ուղղություններով՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարում, հասարակական կարգ և անվտանգություն, ինչպես նաև հիմնարար իրավունքներ։

ՆԳՆ-ի հայտարարության համաձայն՝ զեկույցը ներառում է նաև առաջարկություններ՝ արձանագրված բացերը լրացնելու համար։ Եվրահանձնաժողովը շեշտել է, որ բոլոր ոլորտներում անհրաժեշտ է ապահովել ընդունված քաղաքականությունների և օրենքների հետևողական ու արդյունավետ իրականացումը։