Իսպանիայի կառավարությունը Շակիրային կվերադարձնի 55 միլիոն եվրո

BBC-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի ազգային բարձր դատարանը որոշել է, որ երկրի հարկային ծառայությունը պարտավոր է վերադարձնել երգչուհի Շակիրային շուրջ 55 միլիոն եվրո, որոնք նախկինում գանձվել էին հարկային վեճի շրջանակում։

Դատարանը եզրակացրել է, որ հարկային մարմինները չեն կարողացել ապացուցել, թե Շակիրան 2011 թվականին Իսպանիայում ապրել է հարկային ռեզիդենտ համարվելու համար անհրաժեշտ նվազագույն՝ 183 օրը։ Դատարանի տվյալներով՝ երգչուհին այդ տարի երկրում անցկացրել է 163 օր։

Շակիրան հայտարարել է, որ դատարանը «վերջապես վերականգնել է իրականությունը»՝ նշելով, որ շուրջ ութ տարի ենթարկվել է իր հեղինակությունը վնասելու փորձերի ու հանրային ճնշման։

Գործը վերաբերում է միայն 2011 հարկային տարվան։ Իսպանիայի հարկային ծառայությունն արդեն հայտարարել է, որ բողոքարկելու է որոշումը Գերագույն դատարանում։