Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումը չեղարկել է աղջիկների ամուսնության նվազագույն տարիքը։ Ըստ The Times-ի՝ նոր կարգավորումը տղամարդկանց թույլ է տալիս ամուսնանալ աղջիկների հետ սեռահասունության պահից, որը սուննիական իսլամական իրավունքի ամենամեծ և հնագույն դպրոցներից մեկի մեկնաբանությամբ կարող է վրա հասնել արդեն 9 տարեկանում։ Փաստաթուղթը հաստատել է «Թալիբանի» առաջնորդ Հիբաթուլլա Ախունդզադան։
Մինչ թալիբների վերադարձը իշխանության՝ Աֆղանստանում ամուսնության օրինական տարիքը աղջիկների համար 16 տարեկանն էր, տղաների համար՝ 18։ Մինչև 16 տարեկան աղջիկները կարող էին ամուսնանալ հոր կամ դատավորի թույլտվությամբ, իսկ մինչև 15 տարեկան աղջիկների ամուսնությունը քրեականացվել էր կանանց նկատմամբ բռնության վերացման մասին 2009 թվականի օրենքով։
Միջազգային փորձագետները նոր կարգավորումը որակում են որպես երեխաների բռնաբարության օրինականացում։ «Սա կանանց նկատմամբ թալիբների իրականացրած դաժանությունների հաջորդ մակարդակն է»,- The Times-ին ասել է աֆղան իրավապաշտպան Հորիա Մոսադիկը։



















