«Մարդու Իրավունքների Պաշտպանության Հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում» զեկույցի ներկայացումը

«Մարդու Իրավունքների Պաշտպանության Հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում» զեկույցի ներկայացումը
«Մարդու Իրավունքների Պաշտպանության Հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում» զեկույցի ներկայացումը

2014 թ. մարտի 20-ին տեղի ունեցավ «Մարդու Իրավունքների Պաշտպանության Հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում» զեկույցի ներկայացումը և քննարկումը:

Զեկույցը ներկայացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ մասնակիցներին տեղեկացնելով իրականացված ուսումնասիրության նպատակների եւ մեթոդաբանության մասին:

Նա առավել ընդհանուր կերպով խոսեց այնպիսի հարցերից, ինչպիսիք են զինծառայության ընթացքում կար­­գա­պա­հու­թյան ապահովումը, զինծառայողներին տրվող տույժերի  ու խրախուսանքների, արդյունա­վետ իրա­վա­կան պաշտպանության, բողոքարկման մեխանիզմների և դրանց արդյունավետության, որակյալ բժշկական օգնության ու սպասարկման վերաբերյալ օրենսդրությունը և դրա կիրառումը:  

Մասնակիցներին ներկայացվեց օրենդրության եւ դրա կիրառման բնագավառում բարեփոխումներին ուղղված համապատասխան առաջարկություններ: Զեկույցի ներկայացմանը ելույթով հանդես եկավ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը եւ կարեւորելով ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը՝ նշեց, որ առաջին հերթին պետք է բարձրացնել հրամանատարական կազմի իրավական գիտակցությունը, որպեսզի զինվորը գնահատվի առաջին հերթին որպես մարդ: Նա նաև համոզմունք հայտնեց, որ եթե գործի կանոնագրքի դրույթների 20%-ն անգամ, ապա հանցագործութունների և մահվան դեպքերի թիվը բանակում էապես կնվազի:

Անդրադառնալով բուժկետերի և զինծառայողների բուժզննության հարցին, Ժաննա Ալեքսանյանը հավաքվածներին վերստին հիշեցրեց 2013թ. հունվարի սկզբին ոչ միայն երկկողմանի սուր թոքաբորբով, այլ նաև մարմնի վրա ֆիզիկական բռնությունների հետքերով հիվանդանոց տեղափոխված  Մհեր Խլղաթյանի դեպքի մասին: Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության ներկայացուցիչ Նարինե Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով զեկույցի ներկայացման համար, վստահություն հայտնեց ուսումնասիրությունների արդյունքների հավաստիությանը:

Սակայն, նա որոշ առարկություններ ներկայացրեց զինծառայողների կողմից իրենց նկատմամբ կայացված որոշումների բողոքարկման մեխանիզմների մատչելիության հարցի վերաբերյալ Արթուր Սաքունցի մեկնաբանություններին, մասնավորապես՝ չհիմնավորված համարելով այն հայտարարությունը, որ յուրաքանչյուր վեց զինծառայողից միայն մեկի բողոքարկման դեպքում պարզ չէ, թե մյուս հինգը չեն ունեցել բողոքարկելու հնարավորություն, թե ունեցել են, սակայն չեն բողոքարկել: Այս կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը կարծիք հայտնեց, որ նախ և առաջ, եթե զինծառայողների մեծ մասը չի բողոքարկում իրենց նկատմամբ կայացված որոշումը, ապա դա առնվազն կարող է նշանակել, որ նրանց մոտ առկա է վախ ոչ օբյեկտիվ արձագանք ստանալու համար:

Չբողոքարկելու մյուս պատճառն, ըստ Արթուր Սաքունցի, այն է, որ զինծառայողը գիտակցում է, որ իր կողմից գրված բողոքը քննվելու է այն հրամանատարի կողմից, որի անմիջական հրամանատարության ներքո նա գտնվում է: Նրա համոզմամբ, այս հարցում խնդիրը վերաբերում է արյունավետ պաշտպանության միջոցներին, այսինքն՝ բողոքարկման արդյունավետ պաշտպանությունը պետք է լինի իրատեսական, չափելի և հասկանալի: ՊՆ ներկայացուցիչը որոշ դիտարկումներ ներկայացրեց զեկուցագիր գրելու կարգի, կարգապահական տույժերի և խրախուսանքների կարգի, ինչպես նաև պատշաճ բուժզննության իրականացման կարգի վերաբերյալ: ՀՀ Պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը նույնպես գոհունակություն հայտնեց իրականացված աշխատանքների և զեկույցի պատրաստման համար՝ համարելով այն արժանահավատ ուսումնասիրության արդյունք: Նա ցանկալի համարեց զեկույցի նախապես տրամադրումը բոլոր շահագրգիռ օղակներին և հավելեց, որ արդյունավետ կլիներ առնվազն մեկ լիարժեք օր հատկացնել զեկույցում առկա հարցերի հիմնավոր քննարկմանը:

Գեղամ Հարությունյանը նույպես անդրադարձավ զինված ուժերում բողոքարկման մեխանիզմներին՝ մասնավորապես նշելով, որ զինված ուժերում բողոքարկման խնդիրն իրապես առկա է: Բայց և այնպես, նա ասաց, որ հիմնականում բողոքարկում են զինծառայողների ծնողները: Այս կապակցությամբ Արթուր Սաքունցը նշեց, որ բողոքարկման իրավագիտակցությունն անձանց մոտ առկա է նույնիսկ դպրոցական տարիքից և որ չափահաս անձը, զորակոչված լինելով զինված ուժեր, բավականին գիտակից է և կարող է ինքնուրույն բողոքարկել:

Գ. Հարությունյանն անդրադարձավ նաև արձակուրդի տրամադրման հարցին, նշելով, որ արձակուրդը սոցիալական իրավունք է, այլ ոչ թե կամայական որոշման խնդիր: Նա խոսեց հիմնական և լրացուցիչ արձակուրդների մասին՝ շեշտելով, որ հիմնական արձակուրդն արդեն դարձել է պարտադիր, որը տրամադրվում է զինծառայողներին՝ անկախ այն հանգամանքից, թե վերջիններս կարգապահական տույժ ստացել են, թե ոչ: Իսկ ահա լրացուցիչ արձակուրդն արդեն տրամադրվում է որպես խրախուսանք: Նրա խոսքերով պաշտպանության բանակի հրամանատարությունը կարգ է սահմանել, ըստ որի զինված ուժերում նախապատրաստական փուլի ավարտից հետո (6 ամսի հետո) բոլոր զինծառայողներին անմիջապես տրվում է հիմնական արձակուրդ: Վերջում, Գեղամ Հարությունյանը խոստացավ մանրամասն ուսումնասիրել զեկույցը և արձագանքել դրան:

Այս մասին տեղեկացնում է ՀՔԱՎ մամլո հաղորդագրությունը:

© Medialab.am