Լուկաշենկո․ Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ է ձեռք բերում և ինչ է կորցնում ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ընտրության դեպքում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունն ու ժողովուրդը պետք է հասկանան՝ ինչ են ձեռք բերում և ինչ են կորցնում ԵԱՏՄ-ի ու Եվրոպական միության միջև ընտրություն կատարելիս։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԲելՏԱ-ին։

Լուկաշենկոյի խոսքով՝ ԵԱՏՄ չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները արձանագրել են, որ չեն ցանկանում Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից։

«Մենք բոլորս արձանագրեցինք՝ չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից», – ասել է նա։

Միաժամանակ Լուկաշենկոն նշել է, որ եթե Հայաստանի ժողովուրդը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից և անդամակցել Եվրոպական միությանը, իրենք չեն կարող դեմ լինել հայ ժողովրդի կամքին։

Նա նաև ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է մանրամասն բացատրել, թե ինչ է նշանակում հրաժարվել ԵԱՏՄ-ից, որի անդամ է Հայաստանը, և անդամակցել ԵՄ-ին։

Լուկաշենկոն անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցին՝ նշելով, որ նրան տեղեկացրել է՝ Մինսկը միջուկային զենք կկիրառի միայն Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում։

Բելառուսի նախագահը հայտնել է նաև, որ Մակրոնի վստահված անձը առաջիկա օրերին կժամանի Մինսկ, որտեղ նախատեսվում է «լուրջ խոսակցություն»։