«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Արթուր Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդումն ու պահանջելով նրա անհապաղ ազատ արձակել։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Խստորեն դատապարտում ենք Արթուր Օսիպյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի, քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումը եւ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան։
Մայիսի 18-ին Օսիպյանի հետ հանրային զրույց-բանավեճի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքը, զրուցակցի հասցեին նսեմացնող եւ ագրեսիվ արտահայտությունների կիրառումը համարում ենք գործող իշխանության՝ արցախցիների հանդեպ ատելության սերմանման եւս մեկ դրսեւորում, ինչը կտրականապես անընդունելի է եւ դատապարտելի։
Բացի դրանից, Փաշինյանի եւ նրա թիմակիցների անհանդուրժող վարքագիծը քաղաքական ընդդիմախոսների հանդեպ, որոնք արտահայտվել են այլ դրվագներում եւս, ընդդիմախոսներին քրեական հետապնդման ենթարկելու վերաբերյալ իրավապահներին տրվող ուղիղ հրահհանգները համարում ենք ազատ խոսքը ճնշելուն ուղղված գործելաոճ, որը սպառնում է Հայաստանում ժողովրդավարությանն ու իրավական պետության հեռանկարին։
Արթուր Օսիպյանի հանդեպ ընդգծված բացասական ու հակաիրավական վերաբերմունքի դրսեւորում ենք համարում նաեւ փաստը, որ նա պահվում է արեւի լույսից զրկված խցում, այն դեպքում, երբ արդեն ավելի քան երկու շաբաթ գտնվում է հացադուլի մեջ։
Սույնով հրավիրում ենք նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների, միջազգային դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունը եւ ակնկալում ենք հստակ գնահատական ու որոշակի գործողութուններ։
Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն»:



















