Կառավարությունը պատրաստվում է աջակցության ծրագիր ընդունել՝ հայկական ջերմատնային ապրանքների արտահանմանն աջակցելու համար։ Ծրագիրը կվերաբերի լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղկի արտահանմանը։
Այս մասին Ֆեյսբուքում գրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը: Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը: Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ։ Մանրամասները՝ վաղը Կառավարության նիստում»,-գրառման մեջ մասնավորապես գրել է Հարությունյանը։
Վերջին օրերին հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ նոր խնդիրներ են առաջացել․ «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակումներ է մտցրել հայկական ծագման կարտոֆիլի, սմբուկի, չրերի և կորիզավոր մրգերի համար, իսկ ավելի վաղ արգելվել էր նաև բանջարեղենի մի շարք տեսակների, որոշ ընկերությունների ձկնամթերքի և «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումը Ռուսաստան։



















