Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը մեկնաբանել է տարածված տեղեկությունները, թե ԲՀԿ առաջնորդը փորձել է լքել Հայաստանը։
Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես ծրագրավորված 2-3-օրյա արտերկրյա այց էր նախատեսել՝ անձնական և ընտանեկան նպատակներով։
«Իշխանական քարոզչամեքենան ահասարսուռ վերնագրերով աղաղակում է, թե Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել երկիրը։ Իսկ հիմա ներկայացնում եմ իրականությունը։ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Սա է ամբողջ պատմությունը։
Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։
Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ն այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են»,- նշվում է հայտարարության մեջ։



















