«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը
– Տիկի՛ն Աբգարյան, երեկ մայրաքաղաքում տեղի ունեցած երթևեկության կոլապսն ինչի՞ հետևանք էր, ինչո՞վ եք բացատրում, իսկապե՞ս քաղաքապետարանն օբյեկտիվորեն չէր կարող պատշաճ կերպով կազմակերպել ձնամաքրման աշխատանքները:
– Հանուն արդարության պետք է ասել, որ երբ ձյունն անընդհատ գալիս է, ձնամաքրման աշխատանքներն իրապես դժվարանում են ու շատ ավելի դժվար են դառնում, քան երբ տեղումները դադարում են, հետո նոր գալիս են: Բայցևայնպես, տեղյակ ենք, որ ձյունն անսպասելի չէր, ու քանի օր է արդեն՝ քաղաքապետարանը հայտարարում էր, որ իրենք պատրաստվում են:
Պետք է նման տեղումներին արձագանքելու հստակ համակարգ մշակվեր, մենք տեսանք, որ ինչ-որ տեղերում մեքենաներ էին դուրս եկել ու մաքրում էին, բայց նաև խցանումների պատճառով մեքենաները չէին կարողանում առաջ գնալ: Այսինքն՝ մենք այստեղ ունենք քաղաքային կառավարման հետ ընդհանուր ճանապարհների հետ կապված կոլապսային իրավիճակ, մեքենաները խցանվում էին, ու երբ մեկ մեքենան գնում է փողոցով, ոչինչ չի տալիս: Ես կասեի, որ դա պարզապես միջոցների վատնում է դառնում, որովհետև դա պետք է համակարգված արվեր, մի քանի կետից, որպեսզի այս իրավիճակը չլիներ:
Մենք տեսանք, որ նույն աղն ու ավազը բավականաչափ չեն եղել, ինչը երեկ արձանագրում էին հենց վարորդները, այսինքն՝ ունենք այն, ինչ ունեցանք անցած տարի: Սա Տիգրան Ավինյանի երկրորդ ձմեռն է, ու երկրորդ ձմեռն է, որ Երևանում տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է լինում: Սա նորմալ չէ, չեպե է, որովհետև, կներեք, բայց 15 սանտիմետրն այն ձյունը չէ, որ տրանսպորտդ կանգ առնի:
Նաև անվադողերի խնդիրն առաջ եկավ, ի դեպ, անցյալ տարի հենց այս նույն պատճառով վթարվել էին ավտոբուսներ, այսինքն՝ համայնքը վնասներ էր կրել: Տեսնելով դա՝ պետք է հասկանային, որ այդ բոլոր սեզոնների համար նախատեսված անվադողերը հարմար չեն մեր, օրինակ՝ Նոր Նորք կամ Զեյթուն բարձրանալուն, դա հարմար է այն քաղաքներին, որտեղ ձմեռը մեղմ է լինում, ռելիեֆն էլ հարթ է:
– Դատելով երեկվա պատկերից՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ երբ համայնքային բյուջեից ինչ-ինչ ծախսերի համար որոշակի չափով գումար է դուրս գրվում, տվյալ դեպքում՝ ձմեռային անվադող, աղ, ավազ և այլն, արդյունավետ ու նպատակային չի ծախսվել:
– Մենք կարող ենք հստակ ասել, որ որոշում չի ընդունվել, որպեսզի նախորդ տարվա փորձը հաշվի առնելով՝ այդ նույն անվադողերով այս տարի տրանսպորտը դուրս չգա երթևեկության, նման որոշում չի եղել:
– Ստացվում է, որ քաղաքապետարանի տարբեր վարչություններում մարդիկ են, որոնք կոմպետենտ չե՞ն, թե՞ այլ խնդիր կա, տիկի՛ն Աբգարյան:
– Մենք գործ ունենք կառավարման ձախողման հետ, որովհետև դա միայն մեկ ոլորտ չէ, մի քանի ոլորտ է: Մենք տեսանք, որ գիշերը, երբ դպրոցականներն արդեն քնած են, նախարարը Ֆեյսբուքով տեղեկացնում է, որ դասեր չեն լինելու: Այնուհետև քաղաքապետը, այն էլ՝ լայվով, ոչ թե պաշտոնական տեղեկատվությամբ, հայտարարեց, որ մանկապարտեզներն աշխատելու են: Ինձ այդ պահից սկսեցին գրել համայնքային մարզադպրոցներն ու արվեստի դպրոցները, ասում էին՝ մեզ ոչինչ չեն ասել, իսկ մե՞նք ինչ պիտի անենք:
Այսինքն՝ սա համակարգ է, սա կոչվում է ճգնաժամային կառավարում, ինչը պետք է ունենա թե՛ պետությունը պետական մասշտաբով, թե՛ քաղաքը, որպեսզի իմանան, թե սպասվող հնարավոր ճգնաժամի դեպքում ի՛նչ ծրագիր է գործարկվում, իսկ դա մշակվում է նախօրոք ու հստակ կետերով: Ճգնաժամային կառավարման մերկ լինելը մենք նաև քովիդի ժամանակ տեսանք, բնականոն պայմաններում քաղաքն ունի կառավարման խնդիրներ, իսկ ճգնաժամի պարագայում սկսվում է աշխարհի վերջը:
– Կառավարող ուժի նման վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ ինչի՞ մասին է խոսում:
– Քաղաքացիների առումով, ցավոք, մեր իշխանություններն արդեն համոզվել են, որ ինչ էլ անեն՝ քաղաքացիների հիշողությունը կարճ է, ու ընտրություններից առաջ նրանք մի նոր թեզ են հորինում, ինչպես Երևանի ընտրությունների ժամանակ ինքնիշխանության համար պայքար էր, այլ ոչ թե՝ ձյուն մաքրելու կամ այլ խնդրի:
Նույնը սպասվում է 2026-ին, իշխանությունները շատ լավ գիտե, որ հերթական թեզը կհնարեն, որպեսզի ժողովուրդն ամեն բան մոռանա, տրվի դրան ու կրկին իրենց ընտրի: Նրանք գտել են ձևը՝ տեղեկատվական անվերջ խառնակչության ու մանիպուլյացիաների միջոցով կառավարել հանրությանը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















