Ռուսաստանն արգելել է Հայաստանից բուսական ծագման ողջ արտադրանքի ներմուծումը՝ «կապրայի բզեզի պատճառով»

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հունիսի 12-ից արգելել է Հայաստանից բուսական ծագման ամբողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև Հայաստանի տարածքով վերաարտահանվող նման ապրանքների մուտքը Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Ռուսական գերատեսչությունը հայտարարում է, որ հունիսին Հայաստանից ներմուծված ընկույզի, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի երեք խմբաքանակներում հայտնաբերվել է կապրայի բզեզ (Trogoderma granarium)՝ վտանգավոր վնասատու, որը կարող է վնաս հասցնել գյուղատնտեսական մթերքներին և պահեստավորված պաշարներին։

Ռոսսելխոզնադզորի փոխանցմամբ՝ սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը չեն համաձայնեցրել մատակարարումների անվտանգության և վերահսկելիության նոր մեխանիզմներ։

Գերատեսչությունը նաև քննադատել է հայկական բուսասանիտարական վերահսկողության համակարգը՝ հայտարարելով, որ այն բավարար արդյունավետ չէ և վտանգ է ներկայացնում Ռուսաստանի ու ԵԱՏՄ երկրների բուսասանիտարական անվտանգության համար։

Սահմանափակումները վերջին շաբաթներին աստիճանաբար ընդլայնվել են։ Մայիսի 22-ից Ռուսաստանն արգելել էր ծաղիկների ներմուծումը, մայիսի 30-ից՝ թարմ բանջարեղենի և հատապտուղների, իսկ հունիսի սկզբից սահմանափակումները տարածվել էին նաև խաղողի, կորիզավոր և սերմավոր մրգերի, կարտոֆիլի, սմբուկի ու չրերի վրա։

Deutsche Welle-ն նշում է, որ սահմանափակումների ընդլայնումը տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին։ Հոդվածում հիշատակվում է, որ Հայաստանը նախաձեռնել է ԵՄ-ին անդամակցության գործընթաց, իսկ Մոսկվան վերջին շաբաթներին մի շարք տնտեսական և քաղաքական զգուշացումներ է հղել Երևանին։ Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կշարունակի մասնակցությունը ԵԱՏՄ-ին, քանի դեռ եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն ուղղությունների միջև վերջնական ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի առաջացել։