Մարիա Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին ԵԱՏՄ-ի վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վերաբերյալ վերջին հայտարարությունները։

Զախարովայի խոսքով՝ Փաշինյանը խուսափել է պատասխանել հիմնական հարցին՝ ինչպես է հնարավոր միաժամանակ հայտարարել Հայաստանի եվրոպական ինտեգրման մասին և միևնույն ժամանակ շարունակել մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ։

«Եթե Հայաստանը 2025 թվականին ընդունել է ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք, բազմիցս հայտարարել է, որ իր ապագան Եվրոպայում է, և միաժամանակ պնդում է, որ մտադիր է մնալ ԵԱՏՄ անդամ, ապա ստացվում է, որ Միությունում անդամակցությունը դիտարկվում է որպես ժամանակավոր փուլ՝ մինչև ԵՄ-ին անդամակցելը», – նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ նման մոտեցումը չի կարելի համարել ԵԱՏՄ-ին բարեխիղճ անդամակցություն։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ մայիսի 29-ին ընդունված հայտարարությամբ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարները արձանագրել են, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղին կարող է տնտեսական ռիսկեր ստեղծել Միության համար։

Զախարովայի խոսքով՝ հայտարարությունում նշվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր փոփոխությունների հետևանքների վերաբերյալ զեկույցը կներկայացվի 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Նա հավելել է, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի իր ռազմավարական ընտրությունը՝ ԵԱՏՄ-ում մնալու, թե եվրոպական ինտեգրման ճանապարհով շարժվելու հարցում։