«Իրան-ԱՄՆ հարցով Արցախի պաշտոնյաների նման միջամտությունները բերում են լարվածության, և դա դիտավորյալ լարվածություն է». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Պարո՛ն Բադասյան, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը արձագանքել էր ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը՝ նշելով, որ Սոլեյմանիի սպանության համար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության, ժողովրդի համար։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը, ընդհանրապես, Արցախի պաշտոնյաների նման միջամտությունը, չե՞ք կարծում, որ այս առումով Արցախի իշխանությունը մտածելու առիթ ունի։

– Ինքնին հասկանալի է, որ Արցախի պաշտոնյաների նման միջամտությունները ընդհանրապես բերում են լարվածության, և դա դիտավորյալ լարվածություն է, քանի որ նախկին իշխանությունների օրոք Արցախի իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը նման պատասխանատու կամ անպատասխանատու հայտարարություններ չէր անում։

Ես օրինակ բերեմ, երբ Ռուսաստանի որևէ պաշտոնյա, լինի ընդդիմադիր Ժիրինովսկին կամ Մարիա Զախարովայի նման ինչ-որ մեկը, կամ Լավրովը, որևէ հակահայ կամ Հայաստանին դեմ հայտարարություն է անում, մենք դա ընդունում ենք որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում և սկսում ենք տարակուսանք հայտնել, թե ինչո՛ւ է Ռուսաստանը մեզ հետ այդպես վարվում։ 

Եթե դրան հակառակ այլ հայտարարություն չի լինում, մենք դա ընդունում ենք որպես պաշտոնական։ Հիմա տեղի է ունեցել Հայաստանի համար երկու բարեկամ երկրների հակամարտություն։

Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Իրանը մեզ համար բարեկամ երկրներ են, և անել հայտարարություն որևէ մեկի օգտին, առավել ևս՝ ջուր լցնել Ռուսաստանի ջրաղացին, կարծում եմ՝ միջամտություն է։ 

Հայկական ասացվածք կա՝ քուռակը չպետք է մորից առաջ ընկնի, թե չէ գայլերը կուտեն։ Հիմա չպետք է որևէ պաշտոնյա անպատասխանատու հայտարարություն անի, որովհետև նմանատիպ հայտարարության իրավունք ունեն միայն պատկան մարմինները։ 

Դա ՀՀ առաջին դեմքի գործն է, դիվանագիտական կորպուսների պատասխանատուների գործն է, այլ ոչ թե Արցախի որևէ պաշտոնյայի։ Նախկինում Արցախից որևէ նման հայտարարություն չէին անում, հիմա անում են։ 

Դրանից պարզ երևում է, որ Արցախի պաշտոնյաները փորձում են հակասություն ստեղծել ՀՀ ներկա իշխանությունների հետ։ Փորձում են ցույց տալ օտարին, թե իրենք այստեղ հենարան ունեն, թե Արցախն առանձին պետություն է։ Պարզ ասեմ, փորձում են Ռուսաստանին ցույց տալ, որ իրենք հենարան են, և Ռուսաստանը պետք է հենվի իրենց վրա։ Այսինքն՝ ուզում են առաջիկա ընտրություններում ռևանշ վերցնել և ուղղակի վերարտադրվել։ 

– Այսինքն՝ դուք այս հայտարարությունը կապում եք կոնկրետ ընտրություններին ինչ-որ ակնկալիքներ ունենալու հե՞տ։

– Նաև և հիմնականում դրա հետ։ Նրանք իրենց տեղն են ցույց տալիս, որ Հայաստանի իշխանություններին հակառակ իրենք գոյություն ունեն, կան։ ՀՀ նոր իշխանությունները կարող են հանկարծ Արցախը միացնել Հայաստանին, իսկ դա Ռուսաստանի համար ահազանգ է։

Ռուսաստանն ուզում է, որ Արցախը լինի ստատուս քվոյի այս կարգավիճակում, որովհետև ռուսները հույս ունեն, որ նորից կկարողանան Արցախը նվիրաբերել Ադրբեջանին, դրա փոխարեն ստանալ Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին և ենթարկվեն Ռուսաստանի ազդեցությանը։

Այսպիսով Ռուսաստանի համար Արցախը կարևոր միջոց է Հարավային Կովկասում իր հարցերը լուծելու համար։ Նման դիրքորոշումը, եթե սա Արցախի իշխանությունների դիրքորոշումն է, ապա միանշանակորեն շատ վատ, դավադրական դիրք է։ Ես կցանկանայի Հայաստանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա։ 

– Կարծում եք՝ Հայաստանի իշխանությունները պե՞տք է արձագանքեին Ղարամյանի հայտարարությանը։ Մյուս կողմից՝ Արցախի իշխանությունը հայտարարում է, որ դա Ղարամյանի անձնական կարծիքն է, դա բավարար չէ՞։

– Ո՛չ, բավարար չէ։ Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հասկանա, որ իր արած ցանկացած հայտարարություն անձնական կարծիք լինել չի կարող։ Եթե պաշտոնյան է նման կարծիք արտահայտում, դա արդեն անձնական չի կարող լինել։ Նման դեպքերում պաշտոնյային պաշտոնանկ են անում։

– Իսկ Արցախի իշխանություններն ինչո՞ւ չգնացին այդ քայլին։

– Միգուցե գնան այդ քայլին, ես կարծում եմ, որ պարտավոր են դա անել։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են դա պահանջելու։ 

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ առաջիկայում Արցախում նախագահական ընտրություններին կրքերը թեժ են լինելու՝ հաշվի առնելով, որ կարող են նաև արտաքին ազդեցություններ լինել, այդ թվում՝ Ռուսաստանից։

– Այո՛, իհարկե։ Այդ իմաստով կարող է թեժ լինել, բայց մեր ժողովուրդը պետք է նաև ունենա չորրորդ իշխանության կարիքը, որպեսզի ճիշտ պարզաբանենք, և ժողովուրդը իր վարքով վերջ դնի այս ամենին։

Նրանց, որոնք կփորձեն օտարների միջոցով այստեղ հարցեր լուծել, ժողովուրդը պետք է մերժի։

Այդ մասին Նիկոլ Փաշինյանն իր օգոստոսի 5-ի հայտարարության մեջ ասել է, որ նրանք, որոնք կփորձեն այստեղ օտարի միջոցով հարցեր լուծել, տեղ չունեն մեր հասարակության մեջ։ Այստեղ մամուլի դերը ես շատ բարձր եմ գնահատում։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am