ԱՄՆ-ում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը

ԱՄՆ-ում 112 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Մերի Վարդանյանը։ Նրա մահվան մասին Ֆեյսբուքում հայտնել է թոռնուհին՝ Նատալի Վարդանյանը։

Մերի Վարդանյանը ծնվել է Այնթապում՝ Կիլիկիայում։ Նրա մանկության առաջին հիշողությունները կապված էին Հայոց ցեղասպանության ողբերգության հետ, որի սարսափները նա կրել է ավելի քան մեկ տարի։

Ցեղասպանությունից փրկված ընտանիքի անդամների հետ նա ապաստանել է Հալեպում, որտեղ շարունակել է պահպանել Այնթապի գորգագործության և ձեռագործ արվեստի ավանդույթները։ Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Անթիլիասում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի թանգարանում։

1935 թվականին Մերի Վարդանյանն ամուսնացել է Այնթապից սերող ջութակահար և կոմպոզիտոր Հովհաննես Վարդանյանի հետ։ Նրանք ունեցել են վեց զավակ։ Ամուսնու մահից հետո՝ 1969 թվականին, նա այլևս չի ամուսնացել։

1972 թվականին Մերի Վարդանյանը որդու հետ տեղափոխվել է ԱՄՆ և բնակություն հաստատել Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում, որտեղ ապրել է շուրջ 45 տարի։