Իսրայելի խորհրդարանը հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը

Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։ Այդ մասին հայտնում է JNS-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։

Ավելի վաղ՝ հունիսի վերջին, Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին։ Դրանից հետո հարցը պետք է ներկայացվեր Քնեսեթի հաստատմանը։

JNS-ի փոխանցմամբ՝ քվեարկության կասեցումը տեղի է ունեցել դիվանագիտական զգայուն ժամանակահատվածում՝ տարածաշրջանում նոր լարվածության ֆոնին։ Պարբերականը նշում է, որ վերջին ամիսներին Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները սրվել են Գազայի պատերազմի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցրած կոշտ հայտարարությունների պատճառով։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, որը կառավարությունում ներկայացրել էր ճանաչման առաջարկը, ավելի վաղ հայտարարել էր, որ այդ որոշումը ճիշտ քայլ է և պատմական արդարության հարց։ AP-ի հաղորդմամբ՝ Իսրայելի կառավարությունն իր որոշումը հիմնավորել էր նաև Թուրքիայի կողմից պատմական փաստերի ժխտման և դրանց նշանակությունը նվազեցնելու քաղաքականությամբ։

Թուրքիան Իսրայելի կառավարության որոշումը որակել էր քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քայլ։ Ըստ JNS-ի՝ խորհրդարանական քվեարկությունը կասեցնելու որոշումը կարող է դիտարկվել որպես Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելուն ուղղված միջազգային ջանքերի մի մաս։

JNS-ը նաև նշում է, որ նախորդ ամիս Ադրբեջանի իշխանությունները դատապարտել էին Իսրայելի կառավարության որոշումը և կոչ արել հետ կանչել այն։ Պարբերականի տվյալներով՝ Ադրբեջանը, որն ունի սերտ հարաբերություններ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իսրայելի հետ, երկար ժամանակ փորձում է միջնորդական դեր կատարել երկու երկրների միջև։

Քնեսեթը շաբաթվա վերջին պետք է անցնի ամառային արձակուրդի, և, ըստ JNS-ի, մինչև հոկտեմբերի 27-ին նախատեսված ազգային ընտրությունները նիստեր չի անցկացնի։