Ֆրանսիայում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքերի արագ աճը կարող է կապված լինել գյուղատնտեսության մեջ թունաքիմիկատների լայն կիրառման հետ։
Ֆրանսիայում այս քաղցկեղի դեպքերն աճում են տարեկան շուրջ 3 տոկոսով, ինչը երկու-երեք անգամ ավելի բարձր է, քան եվրոպական շատ երկրներում։ Հետազոտողների գնահատմամբ՝ ծխելը, գիրությունը, շաքարային դիաբետը, քրոնիկական պանկրեատիտը և հայտնի մյուս ռիսկային գործոնները բավարար չեն այդ առանձնահատուկ աճը բացատրելու համար։
Այս մասին գրում է ֆրանսիական Sciences et Avenir պարբերականը՝ ներկայացնելով 2024 թվականի նոյեմբերին European Journal of Epidemiology գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։
Գիտնականներն ուսումնասիրել են 2011–2021 թվականներին Ֆրանսիայում ենթաստամոքսային գեղձի ադենոկարցինոմայի տարածվածությունը և այն համադրել տարբեր շրջաններում թունաքիմիկատների վաճառքի ու օգտագործման տվյալների հետ։ Վերլուծությունն ընդգրկել է երկրի բնակչության շուրջ 99 տոկոսը։
Արդյունքները ցույց են տվել, որ հիվանդության ռիսկը Ֆրանսիայի տարածքում հավասարաչափ բաշխված չէ։ Ավելի բարձր ցուցանիշներ են արձանագրվել որոշ գյուղատնտեսական շրջաններում, որտեղ թունաքիմիկատների կիրառումն ավելի ինտենսիվ է եղել։
Հետազոտության համաձայն՝ մեկ հեկտարի հաշվով թունաքիմիկատների օգտագործման 2,6 կիլոգրամով աճը կապված է եղել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հարաբերական ռիսկի շուրջ 1,3 տոկոս աճի հետ։
Գիտնականները վիճակագրական կապ են հայտնաբերել ուսումնասիրված մի շարք նյութերի, այդ թվում՝ գլիֆոսատի, մանկոզեբի և փոշեցմամբ կիրառվող ծծմբի ու հիվանդության ավելի բարձր ռիսկի միջև։ Ընդհանուր առմամբ հետազոտությունում առանձնացվել է ինը լայնորեն օգտագործվող կամ վտանգավոր համարվող թունաքիմիկատ, որոնց կիրառումը կապված է եղել լրացուցիչ ռիսկի հետ։
Այդուհանդերձ, հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ արձանագրված կապը դեռ չի ապացուցում, թե հենց թունաքիմիկատներն են ուղղակիորեն առաջացնում քաղցկեղը։ Ուսումնասիրությունն էկոլոգիական բնույթ ունի․ համեմատվել են տարածքային տվյալները, ոչ թե առանձին մարդկանց՝ թունաքիմիկատների ազդեցության ենթարկվելու աստիճանն ու հիվանդության պատմությունը։
Հետևաբար հնարավոր չէ բացառել նաև այլ գործոնների ազդեցությունը, այդ թվում՝ սննդակարգը, սոցիալ-տնտեսական պայմանները, մասնագիտական վտանգները կամ շրջակա միջավայրի այլ աղտոտիչները։ Հեղինակների խոսքով՝ արդյունքները պետք է հաստատվեն անհատական տվյալների վրա հիմնված հետագա հետազոտություններով։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը համարվում է ամենամահաբեր ուռուցքային հիվանդություններից մեկը։ Այն հաճախ երկար ժամանակ ախտանշաններ չի առաջացնում և հայտնաբերվում է արդեն ուշ փուլերում։ Ֆրանսիայում տարեկան արձանագրվում է մոտ 16 հազար նոր դեպք, իսկ հնգամյա ապրելիությունը չի գերազանցում շուրջ 13 տոկոսը։
Հետազոտողները շեշտում են, որ Ֆրանսիայում հիվանդության արագ տարածման պատճառները պարզելու և բնակչության վրա թունաքիմիկատների ազդեցությունը նվազեցնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ ու կանխարգելիչ միջոցառումներ։



















