Ճապոնիայի հարավում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 50 մարդ է տուժել։ Կան մարդիկ, որոնք մնացել են փլված առևտրի կենտրոնում, մի քանիսը համարվում են զոհված։
Ինչպես գրում է The Guardian-ը, երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, Կումամոտոյի պրեֆեկտուրայում՝ հարավային Կյուսյու կղզում։ Ցնցումների հետևանքով հազարավոր տներ հոսանքազրկվել են, վնասվել են ճանապարհներ, կամուրջներ և շենքեր։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ իշխանությունները դեռ գնահատում են վնասների ծավալը։ Նրա խոսքով՝ կան տուժածներ, որոշ շրջաններում հրդեհներ և հոսանքազրկումներ են գրանցվել, վնասվել են ճանապարհներ ու կամուրջներ, փլվել են շենքեր։
Աղետների կառավարման գործակալության տվյալով՝ մոտ 300 հազար մարդու հանձնարարվել է տեղափոխվել տարհանման կենտրոններ։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը զգուշացրել է, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ուժեղ հետցնցումների և սողանքների վտանգը պահպանվում է։ Արդեն գրանցվել է ավելի քան 60 հետցնցում։ Ցունամիի նախազգուշացում հայտարարվել էր, սակայն այն չեղարկվել է երկու ժամվա ընթացքում։
Kyodo News-ի հաղորդմամբ՝ երկրաշարժի հետևանքով Ճապոնիայի հարավ-արևմուտքում մեկ մարդ է զոհվել՝ տան փլուզման հետևանքով։ NHK-ի տվյալով՝ հիվանդանոցներից մեկը հայտնել է ավելի քան 50 տուժածի, մյուսը՝ շուրջ 40-ի մասին, որոնցից 10-ը ծանր վիճակում են։
Երկրաշարժից հետո պայթյուն է տեղի ունեցել Aeon առևտրի կենտրոնում։ Փրկարար ծառայությունները հայտնել են, որ այնտեղ «շատ մարդիկ» են արգելափակված։ NHK-ի տվյալով՝ առևտրի կենտրոնի 20-30 աշխատակից անհետ կորած է համարվում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կումամոտո քաղաքից մոտ 20 կմ հարավ։ USGS-ը սկզբում երկրաշարժի ուժգնությունը գնահատել էր 7,1 մագնիտուդ, ապա վերանայել՝ իջեցնելով մինչև 6,8։
Տարածաշրջանում խափանվել են գնացքների, այդ թվում՝ արագընթաց գնացքների աշխատանքները, Կումամոտոյի օդանավակայանը փակել է թռիչքուղին, իսկ ավիաընկերությունները հետաձգել կամ չեղարկել են չվերթներ։ Ճապոնիայի միջուկային կարգավորող մարմինը հայտնել է, որ տարածքի ատոմակայաններում խախտումներ չեն արձանագրվել։



















