Լևոն Արոնյանի հաղթանակը մեծ արձագանք է ստացել շախմատային հանրության շրջանում: Լաս Վեգասում ընթացող «Մեծ սաղավարտ» շախմատային մրցաշարի շրջանակում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել աշխարհի ներկայիս ամենաբարձր վարկանիշ ունեցող (2839) շախմատիստ Մագնուս Կարլսենի նկատմամբ՝ զրկելով նրան մրցաշարում բարձր մրցանակային տեղերի համար պայքարելու հնարավորությունից։
Արոնյանը, իր հերթին, պահպանում է հաղթելու հնարավորությունը 200 հազար դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարում՝ վերահաստատելով իր դիրքը որպես շախմատային աշխարհի սուպերէլիտայի երկարամյա ներկայացուցիչ։
Միջազգային շախմատային լրատվամիջոցների արձագանքը՝ Արոնյանը զարմացնում է Կարլսենին. Լաս Վեգասում ընթացող Freestyle շախմատի մրցաշարի առաջին օրը տպավորիչ շրջադարձեր ունեցավ, որոնք արձագանք գտան միջազգային առաջատար շախմատային հարթակներում։ Chess.com կայքը վերնագրում է. «Արոնյանը զարմացնում է Կարլսենին թայբրեյքում»՝ ընդգծելով հայ գրոսմայստերի անակնկալ հաղթանակը աշխարհի նախկին չեմպիոնի նկատմամբ վճռորոշ փուլում։ Chessdom.com-ը գրում է. «Նակամուրան փայլում է, Արոնյանը զարմացնում է Կարլսենին Լաս Վեգասի Freestyle մրցաշարի առաջին օրը», անդրադառնալով թե՛ ամերիկացի շախմատիստ Հիկարու Նակամուրայի հաջող խաղին, թե՛ Լևոն Արոնյանի ցնցող ելույթին։ ChessBase հարթակը փաստում է. «Freestyle շախմատ Լաս Վեգասում. Կարլսենը դուրս է մնացել տիտղոսի պայքարից», արձանագրելով աշխարհի ուժեղագույններից մեկի՝ Մագնուս Կարլսենի վաղաժամ անակնկալ դուրս մնալը Freestyle-Chess.com-ը ևս արձագանքել է. «Կարլսենը դուրս է մնացել տիտղոսի պայքարից Լաս Վեգասում»՝ ևս մեկ անգամ հաստատելով մրցաշարի ընթացքի անսպասելի զարգացումները։

Լևոնը Հայաստանի դրոշի ներքո նախկինում երեք անգամ թիմային ոսկի է նվաճել շախմատի համաշխարհային օլիմպիադաներում (2006, 2008, 2012), դարձել է աշխարհի գավաթակիր (2005, 2017), Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն (2006, 2007), կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն (2010), և Վեյկ ան Զեյի հեղինակավոր մրցաշարի քառակի հաղթող։ Իր կարիերայի գագաթնակետին՝ 2014 թվականին, նրա անհատական վարկանիշը հասել է 2830-ի՝ նրան դասելով բոլոր ժամանակների ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստների շարքը՝ զիջելով միայն Կասպարովին, Կարլսենին և Կարուանային, սակայն, ցավոք, նա այլևս չի ներկայացնում Հայաստանը, այլ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո։
Նա դեռ 2021 թվականին հայտարարել էր այդ որոշման մասին՝ բացատրելով, որ հեռանում է Հայաստանից՝ հիասթափված իշխանության անտարբերությունից և չկատարած խոստումներից։ Արոնյանն ընդգծել էր, որ 2018-ի հեղափոխությունից հետո իրեն տրամադրված պետական աջակցությունը սահմանափակվել էր ընդամենը մեկ տարով, մինչդեռ նախկինում այն եղել էր հետևողական և կայուն։
Հայաստանի իշխանությունները Արոնյանին ուղիղ տեքստով հայտարարել էին, որ Արոնյանը սպառված է այլևս, նրա հաջողությունների հետ հույս չեն կապում: Այս ամենից հետո սոցիալական ցանցերում ՔՊ-ական շրջանակներից լայնածավալ քննադատություն սկսվեց Արոնյանի դեմ՝ նրան ներկայացնելով որպես նախկինների մարդ, սպառված շախմատիստ, փողի համար հայրենիքը փոխող և այլն, այն աստիճան, որ նույնիսկ Արոնյանի մայրը գրառում արեց՝ հորդորելով դադարեցնել այդ կեղտոտ արշավը:
Հատկանշական է, որ այս երևույթը սահմանափակված չէ սպորտով։
Նման վերաբերմունք է դրսևորվել արվեստի, գիտության, կրթության և բիզնեսի ոլորտներում ևս, եթե հաջողության հասած մարդիկ լոյալ չեն ՔՊ-ի նկատմամբ, ապա անմիջապես թիրախավորվում են որպես քաղաքական անցյալի ստվեր, Արոնյանը Սերժ Սարգսյանի մարդն է, Հենրիխ Մխիթարյանը՝ Ռուբեն Հայրապետյանի և այլն, և եթե մինչև 2018 թվականը դու հասել ես հաջողության, կայացել ես որպես մասնագետ, ներկայացրել ես Հայաստանը միջազգային հարթակում, ապա արդեն «նախկին» ես։
Մարի Ներսեսյան
MediaLab.am



















