Հույս ունեմ առարկայական հանդիպման՝ քննարկելու Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման հետագա քայլերը. Զոնաբենդ

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 8-ի ուղերձին, որտեղ վերջինս նշել էր, որ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի հարցը «մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է»։ Զոնաբենդը դրական է գնահատել նաև տեղեկությունը, որ իր հետ հանդիպման կազմակերպման համար պատասխանատու է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Միաժամանակ նա հայտնել է, որ այս պահի դրությամբ իր հետ դեռ կապ չեն հաստատել։

«Հայաստանի Հանրապետության վարչապետը oգոստոսի 8-ի իր ուղերձում հայտարարեց, որ «մեզ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը»։ Ես լիովին կիսում եմ այս գնահատականը և ուրախ էի կարդալ այդ խոսքերը։

Դրական եմ գնահատում նաև լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները, ըստ որոնց՝ ինձ հետ հանդիպման կազմակերպման համար պատասխանատու գերատեսչություն է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում հստակեցնել, որ այսօրվա դրությամբ դեռևս ինձ հետ կապ չի հաստատվել, և պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալներ ինձ չեն փոխանցվել։

Ակնկալում եմ ստանալ պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները և հույս ունեմ առարկայական հանդիպման՝ քննարկելու Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման հետագա քայլերը, ինչպես նաև Ադրբեջանում կալանքի տակ պահվող Հայաստանի քաղաքացիներին առնչվող այլ հարցեր»։