2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում ականների պայթյունների հետևանքով զոհվել է 73 մարդ, ևս 363-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Այսպիսով, 2020 թվականի նոյեմբերի 10-ից ի վեր ականների պայթյուններից տուժածների ընդհանուր թիվը հասել է 436-ի։
Այս մասին գրում է OC Media-ն՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած տվյալներին։
Ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում է, որ ականապատված տարածքները շարունակում են վտանգ ներկայացնել մարդկանց համար և խոչընդոտում են վերադարձի ու վերականգնման աշխատանքներին։ Ավելի վաղ Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտնել էր, որ 2020 թվականի նոյեմբերից մինչև այս տարվա ապրիլի սկիզբը գրանցվել էր 259 ականային պայթյուն, որոնց հետևանքով զոհվել էր 72, վիրավորվել՝ 349 մարդ։
OC Media-ն նաև հիշեցնում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը Ադրբեջանին փոխանցել է ականապատ տարածքների քարտեզներ, այդ թվում՝ Աղդամի, Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը նախկինում պնդել է, որ փոխանցված քարտեզների ճշգրտությունը բավարար չէ։



















