Մենք ցանկանում ենք գազի դիմաց ռուբլով վճարել, հուսամ՝ բանակցությունները բարեհաջող կլինեն․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, Հայաստանում գազի գինը երկար տարիներ քաղաքական շահարկումների և քաղաքական մանիպուլյացիաների առարկա, է եղել։

«Հայաստանի նախկին իշխանությունները գազի հարցը միշտ օգտագործել են քաղաքական նպատակներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի տնտեսական գործունեությունը։ Ներկա իրավիճակը նախկին կառավարության վարած անհեռանկար տնտեսական քաղաքականության հետևանք է, և մենք այսօր գազի համակարգի արդյունավետ շահագործման խնդիր ունենք։ Այդ խնդիրները մենք պետք է լուծենք, եթե ուզում ենք արդյունավետ համակարգ ունենալ», այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցին։

Նա ասաց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակ է գրել «Գազպրոմի» նախագահին և առաջարկել է նոր քննարկումներ ծավալալ գազի հարցի շուրջ։ Ավելին, այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ինքն այդ թեմայով քննարկում է ունեցել նրա հետ։

«Վլադիմիր Պուտինի հետ ես այսօր խոսել եմ, և այդ հարցը քննարկել ենք։ Ես ասել եմ, որ հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը և ստեղծված իրավիճակը, ակնկալում եմ, որ ՌԴ նախագահի հետ մենք կկարողանանք քննարկել այդ թեման և գալ ընդհանուր հայտարարի։ ՌԴ նախագահը կմիջամտի այս պրոցեսին, որ կարողանանք «Գազպրոմի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել։ Իսկապես, ճգնաժամային իրավիճակում չի ընկալվում, որ գազի գինը բարձրանա»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի դիտարկմամբ, հայկական կողմն առաջարկում է փոխել գազի դիմաց վճարման արժույթը և դոլարի փոխարեն վճարումներն իրականացնել ռուբլով։

«Հույս ունենամ, որ այս բանակցությունները բարեհաջող կլինեն», -ասաց Փաշինյանը։