«Մերոնք չունեն օրակարգ, փորձում են տարբեր մայրաքաղաքներում ինչ-որ կռճոններ պոկել՝ ներկայացնելով դա դիվանագիտական հաղթանակ». Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանի մյունխենյան հանդիպումներն ու բանակցություններն ինչպե՞ս եք գնահատում։

– Ալիև-Բլինքեն-Փաշինյան հանդիպման մասին ավելի հանգամանալից տեղեկատվություն տվել է, ցավոք սրտի, միայն Ալիևը, մյուսները խոսել են ավելի շատ պաշտոնական տեղեկատվության մակարդակով։ Ինչ-որ զգալի առաջընթացի մասին է արձանագրել ԱՄՆ-ի պետքարտուղարությունը՝ առանց մանրամասների։

Ալիևը որոշ բաներ մանրամասնել է․ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթում հիշատակում չպետք է լինի ԼՂ-ի մասին, որ հսկիչ- անցագրային կետեր պետք է լինեն հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Հայաստանի ու Լաչինի սահմանին։

Ըստ էության, Ալիևը, չնայած ընդառաջում է միջազգային հանրությանն ու պատրաստ է երկխոսության ԼՂ-ի ներկայացուցիչների հետ, բայց դա պատրաստ է անել այնպիսի տրամաբանությամբ, որ ԼՂ-ի հարցը Ադրբեջանի ներքին հարց է։ Այս առումով, իհարկե, շատ մեծ նորություն չկա, որովհետև արևմտյան կարգավորման տարբերակը հենց այսպիսին է՝ ԼՂ-ի կարգավիճակի ճշտում՝ մյուս բոլոր խնդիրների հետ միասին։

Անկեղծ ասած, ինձ համար տեսանելի չեն Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմները, ինչի մասին շատ է խոսվում, ասեմ ավելին՝ ԼՂ խնդրի տարանջատումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստից ու ԼՂ-ի մասին հիշատակող մտքի բացակայությունը բուն փաստաթղթից վտանգավոր եմ համարում, որովհետև դա Ադրբեջանին կազատի որևէ պատասխանատվությունից։

Այս առումով ինչ տեսանք Մյունխենում, ավելի շատ նման էր նրան, որ Բաքվի օրակարգն է առաջ մղվել, ինչը դժվար չէր կանխատեսել, Փաշինյանը, ըստ էության, որևէ երաշխիք չի էլ ստացել Արցախի սուբյեկտության, նրա ժողովրդի անվտանգության վերաբերյալ, սա պարզից էլ պարզ է։ Երբ հետևում ենք իշխանության պրոպագանդիստների ելույթներին, տեսնում ենք, որ նրանք վերացական հայտարարություններ են անում՝ ի տարբերություն ադրբեջանական մամուլի ու իշխանության։

– Հայկական կողմը համաձա՞յն է ադրբեջանական կողմի պահանջներին։

– Հայկական կողմը վաղուց է համաձայնել, եթե չեք մոռացել՝ մի քանի շաբաթ առաջ Արարատ Միրզոյանը կամա թե ակամա խոստովանեց, որ Ադրբեջանն առաջարկել է, ու Երևանն ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերություններում ԼՂ խնդիրը տարանջատելու կոնցեպտը։

Իհարկե, հետո պաշտոնական Երևանը փորձեց քաղաքականության վերանայում անել, ինչի մասին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, բայց մենք տեսնում ենք, որ Ալիևը բավականին կտրուկ է, ու տեսանելի է, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն զիջումների չի գնացել, այլև Ալիևը հանդգնում է ասել, որ, օրինակ՝ անցակետերի տեղակայման հարցում, այդ թվում՝ Հայաստան-Լաչին սահմանին, իրենք համերաշխություն ունեն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ։

– Պարո՛ն Սուրենյանց, ադրբեջանական կողմի պահանջներին համաձայնություն տալու հանգամանքո՞վ եք բացատրում այն, որ Հայաստանի իշխանությունը հստակ տեղեկատվություն չի տրամադրում իր հանրությանը բանակցությունների վերաբերյալ։

– Կարծում եմ՝ պաշտոնական Երևանն այնտեղ էլ մինչև վերջ չի համաձայնել, բայց հակադրվելու ձև էլ չունի, որովհետև, ըստ էության, հայտնվել է մի խաղի մեջ, որն իրենը չէր, այսինքն՝ ուրիշի օրակարգով խաղը պետք է բերեր նման արդյունքի, ինչի մասին բազմիցս խոսել եմ։

Մերոնք չունեն օրակարգ, փորձում են տարբեր մայրաքաղաքներում ինչ-որ կռճոններ պոկել՝ ներկայացնելով դա դիվանագիտական հաղթանակ։ Իմ կարծիքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա ժողովրդին համոզել, իր համաձայնությունը կտա արևմտյան տարբերակին, միակ բանը, որ Փաշինյանին վախեցնում է, Հայաստանի ներսում հնարավոր արձագանքն է։

– Ըստ ձեզ՝ ինչպիսի՞ն է լինելու այդ արձագանքը։

– Դժվարանում եմ ասել։ Այնպես չէ, որ մեր հասարակությունը միամիտ է ու կարծում է, թե այս պահին հնարավոր է հասնել ԼՂ անկախությանը։ Մեծ մասը գիտակցում է, որ անկախության օրակարգը մնացել է 44-օրյա պատերազմի փլատակների տակ, բայց նաև պետք չէ նկատի ունենալ, որ արևմտյան կարգավորման տարբերակները Արցախի սուբյեկտության, ժողովրդի անվտանգության մասով որևէ էական բան չեն առաջարկում, փոխարենն առաջարկում են, որ Հայաստանը, ըստ էության, ձեռքերը լվա ԼՂ խնդրից։

Ես առնվազն պարտադիր եմ համարում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավոր պայմանագրում հղում կատարվի ԼՂ-ի սուբյեկտության որոշման ու նրա ժողովրդի անվտանգության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությանը։

– Մյունխենում որևէ համաձայնություն՝ գրավոր կամ բանավոր, կողմերի միջև ձեռք բերվե՞լ է, ձեր տպավորությամբ։

– Շատ են մոտեցել նրան, որ Բաքվի ասած օրակարգը ընդունվելու է, վերջնական համաձայնություն չէ դա, Ալիևն ինքն էլ ասաց, չէ՞, որ ինքն առաջարկություն է արել, հայկական կողմն առայժմ պատասխան չի տվել։

– Ստացվում է, որ Ադրբեջանը մերժե՞լ է հայկական կողմի խաղաղության պայմանագրի հերթական տարբերակը։

– Կարծում եմ՝ այո՛, նա ասում է՝ թվացյալ առաջընթաց կար, բայց դա մեզ չի բավարարում, բայց աբսուրդն այն է, որ մենք չգիտենք հայկական առաջարկների մասին, միայն գիտենք, որ, ըստ Արմեն Գրիգորյանի, հիշատակում է եղել նաև ԼՂ-ի մասին։

– Այսպես կոչված պանելային քննարկման մասին ևս կխնդրեմ ձեր գնահատականը, պարո՛ն Սուրենյանց, որը տեղի ունեցավ Մյունխենում Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ։

– Հերթական անգամ մենք տեսանք նյութին անպատրաստ Հայաստանի ղեկավար, որն առանց տնային աշխատանքի կատարման ներկայացել էր շատ կարևոր մի հարթակում։ Մի շարք հարցերում Փաշինյանն ուղղակի իր չիմացությամբ փայլեց։ Երբ Ալիևի կողմից հնչեց կեղծ մեղադրանք, օրինակ՝ մզկիթների ոչնչացման վերաբերյալ, Փաշինյանն ակնհայտորեն պատրաստ չէր այդ հարցին պատասխանելու։

Նա չէր կարողացել իր հետ տանել իրական վիճակագրություն, որպեսզի դա հակադրեր Ալիևի կեղծ թվերին ու ապացուցեր, որ Լաչինի միջանցքն իսկապես շրջափակված է, էլ չասեմ, որ շատ տհաճ էր, երբ Ալիևը ցինիկ հարձակման էր անցել Ռուբեն Վարդանյանի դեմ, իսկ Փաշինյանն ընդհանրապես չէր կարողանում հակադարձել նրան։ Մի խոսքով՝ բավականին դժգույն տպավորություն թողեց այդ քննարկումը։

– Իսկ ռուսական կողմի դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի, այսինքն՝ իրենք և՞ս հակված կլինեն կարգավորման արևմտյան տարբերակին, որովհետև իրենք նաև հայտարարել են, չէ՞, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, ըստ էության, եկել են համաձայնության, ու իրենցից, մեծ հաշվով, շատ բան կախված չէ։

– Եթե Ռուսաստանը կարողություն ունենար ազդելու Ադրբեջանի վրա, բնականաբար, նման հայտարարություն չէր անի ու կփորձեր իր տարբերակի շուրջ ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, մասնավորապես, ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգման հարցում։

Բայց քանի որ այսօր նա չունի այդ կարողությունը՝ պայմանավորված ուկրաինական պատերազմով, ու եթե դրան հավելենք Բաքվի ու Երևանի միջև ձեռք բերված ինչ-ինչ համաձայնությունները, ապա կարող ենք ասել, որ Մոսկվան փորձելու է նախաձեռնությունն իր ձեռքից բաց չթողնել, բայց ավելի շատ փորձելու է ինչ-որ հարցերում պայմանավորվել Բաքվի հետ, որպեսզի իր ներկայությունը Արցախում կարողանա ինչ-որ ձևով պահպանել, այսինքն՝ շատ դժվարացել է այն հեռանկարը, որ թույլ կտա մեզ պնդել, թե հնարավոր կլինի ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգումը, չնայած չպետք է տեսականորեն դա բացառել, որովհետև աշխարհաքաղաքական զարգացումները կարող են գնալ այն ճանապարհով, որ Ռուսաստանին հաջողվի Ղարաբաղում ստատուս քվոն ինչ-որ ձևով պահպանել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am