Սեուտայից շուրջ 900 միգրանտ է վերադարձել Մարոկկո

24 ժամվա ընթացքում իսպանական Սեուտա անկլավից Մարոկկո է վերադարձել մի քանի հարյուր միգրանտ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վերադարձողների թիվը հասել է 425-ի, իսկ չորեքշաբթի երեկոյից մինչև հինգշաբթի առավոտ ևս 174 մարդ Տարախալի սահմանային անցակետով ժամանել է Մարոկկո։ Չորս օրից էլ պակաս ժամանակահատվածում Սեուտայից հեռացել է շուրջ 900 միգրանտ, ընդ որում՝ Մարոկկո կամավոր վերադառնալու տեմպերը նկատելիորեն արագացել են։

Դա պայմանավորված է Սեուտայում միգրանտների առջև ծառացած ծանր կենցաղային պայմաններով՝ սննդի, ջրի և կացարանի պակասով։ Շատերը ստիպված են գիշերել փողոցներում, լողափերին և պահեստներում՝ ապավինելով մարդասիրական կազմակերպությունների սահմանափակ օգնությանը։

Սեուտայում միգրանտների շրջանում արագորեն տարածվում է քոսը, իսկ առկա է նաև սալմոնելոզի, տուբերկուլյոզի, կարմրուկի ու խոլերայի բռնկումների վտանգ։

Իսպանիայի իշխանությունները կազմակերպում են միգրանտների հայրենադարձությունը։ Անկլավից հեռանալ ցանկացողները գրավոր դիմում են ներկայացնում, որից հետո նրանց ուղեկցում են մինչև սահմանային անցակետ։