Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը պաշտպանել է Esports World Cup-ի շախմատի չեմպիոնի տիտղոսը՝ Փարիզում կայացած եզրափակիչում հաղթելով Դենիս Լազավիկին։
CNN-ը գրում է, որ աշխարհի առաջին համար Կարլսենը ամբողջ մրցաշարի ընթացքում ոչ մի պարտություն չի կրել՝ գրանցելով 11 հաղթանակ և 9 ոչ-ոքի։ Հաղթանակի համար նա ստացել է 250 հազար դոլար մրցանակային գումար և 1000 միավոր բերել Team Liquid-ին։
35-ամյա Կարլսենն արդեն 15 տարի անընդմեջ գլխավորում է շախմատի համաշխարհային վարկանիշը, ինչը ժամանակակից ՖԻԴԵ-ի պատմության ամենաերկար շարքն է։ Նա նաև դասական շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն է։
Կարլսենը CNN Sports-ին ասել է, որ մրցաշարերից առաջ չի կենտրոնանում հաղթելու ակնկալիքի վրա։
«Պարզապես փորձում ես ճիշտ քայլերն անել և առաջ գնալ քայլ առ քայլ»,- ասել է նա։
Կանանց գրոսմայստեր և շախմատային մեկնաբան Նեմո Ժոուն Կարլսենին անվանել է պատմության մեծագույն շախմատիստներից մեկը՝ ընդգծելով, որ իր կարծիքով խաղի պատմության մեջ նրանից ուժեղ շախմատիստ չի եղել։
Esports World Cup-ում շախմատի հանդիպումներն անցկացվում են արագացված՝ «10+0» ձևաչափով․ յուրաքանչյուր խաղացող բոլոր քայլերի համար ունի ընդամենը 10 րոպե՝ առանց լրացուցիչ ժամանակի։
2025 թվականին մրցաշարը դարձել էր տարվա ամենադիտված շախմատային իրադարձությունը՝ միաժամանակ հավաքելով մոտ 260 հազար դիտող։ Այս տարվա ընդհանուր մրցանակային ֆոնդը ևս կազմել է 1.5 մլն դոլար։
Հաջորդ տարի Կարլսենը կփորձի երրորդ անգամ անընդմեջ նվաճել Esports World Cup-ի չեմպիոնի տիտղոսը։



















