Ռուսաստանը ներկայում զանգվածային զորահավաք անցկացնելու անհրաժեշտություն չունի և նման քայլ չի նախատեսում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Այս պահին մեզ զանգվածային զորահավաք պետք չէ։ Որքանով ես գիտեմ, այն ո՛չ պլանավորված է, ո՛չ էլ սպասվում է», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նեբենզյան նաև հերքել է այն հաղորդագրությունները, թե ռուսաստանցի տղամարդիկ զանգվածաբար հեռանում են արտերկիր՝ հնարավոր զորահավաքից խուսափելու համար։
Միաժամանակ նա նշել է, որ իրավիճակի հետագա զարգացումները, այդ թվում՝ սեպտեմբերին նախատեսված Պետդումայի ընտրություններից հետո, դեռ պետք է սպասել։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ, ըստ ուկրաինական հետախուզության տվյալների, Ռուսաստանը խորհրդարանական ընտրություններից հետո կարող է պատրաստվել նոր զորահավաքի։



















