«Անտառապահները թափուկով են բիզնես անում․ դա կոռուպցիոն սխեմաներից մեկն է, որը հիմա քանդվում է»․ Իրինա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Իրինա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, Ճամբարակի անտառտնտեսության անտառապահ Սարմեն Ղուկասյանը ձեզ մեղադրում է իրեն աշխատանքից հեռացնելու համար, նաև նշում, որ իր նկատմամբ ապօրինի քրեական գործ է հարուցվել։ Նա սպառնալիք էր հնչեցրել ձեր հասցեին։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։

– Ես մեծ տեղ չեմ տալիս այդ հրապարակմանը, ինձ և իմ աշխատողներին ուղղված նրա մեղադրանքները սուտ են։ Եթե մարդ ինչ-որ ապացույցներ ունի իր ձեռքին, լոգիկան հուշում է, որ պետք է գնա ոստիկանություն, ոչ թե զանգի լրատվամիջոցներին։

Իրականում Սարմեն Ղուկասյանը խնդրահարույց բնավորության տեր մարդ է, գյուղացիների համար էլ է խնդիրներ առաջացնում։ Քանի որ անընդհատ կոնֆլիկտներ է ստեղծում, տարբեր կառույցներ նամակներ է ուղարկում, մարդիկ աշխատում են նրա հետ առնչություն չունենալ։ Իմ ունեցած տվյալներով՝ նախկինում նույնիսկ մի քանի ամիս փայտի գողության համար դատապարտվել է, որից հետո անտառտնտեսության նախկին տնօրենը նրան վերականգնել է աշխատանքի։ Եվ տեղեկություններ կան, որ ինչ-որ կոմպրոմատ է ունեցել անտառտնտեսության տնօրենի վրա, դրա համար է իրեն վերականգնել։

Մեր աշխատակիցները գնացել են ստուգումների, տեսել են, որ փայտանյութ կա կուտակված։ Երբ գնացել են իր տուն՝ հարցնելու՝ այս ի՞նչ փայտ է, ինչո՞ւ է այդտեղ հավաքված, նախ տեսել են, որ իր բակում էլ է փայտ լցրած։ Չի թողել, որ մեր աշխատակիցները մոտենան այդ փայտին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, սպառնացել, որ եթե առաջ գնան, ֆիզիկական վնաս կտա։ Մեր աշխատակիցները հետ եկան, ինձ զեկուցեցին:

Ոստիկանությունը տեղյակ էր այդ մասին, գնացել ու արձանագրել է դա։ Ինձ հարցրել են, ես ասել եմ՝ այո՛, կա նման բան։ Եվ եթե ինքը համաձայներ հարգալից վերաբերմունք դրսևորել իմ աշխատակիցների նկատմամբ, թափուկի դուրսբերման փաստաթղթի հարց կարող էինք լուծել իր համար, թափուկի դուրսբերման կարգ գոյություն ունի։ Ինքը չի ունեցել այդ փաստաթուղթը, հետևաբար, անտառից ապօրինի է դուրս բերել այդ փայտանյութը։

– Ձեզ ուղղված սպառնալիքների մասո՞վ ինչ կասեք։

– Ընդհանրապես զարմացած չեմ, որ ինքն իրեն այդպես է պահում, ուղղակի զարմացած եմ, թե ինչո՞ւ է իմ հանդեպ այդպես տրամադրված։ Բայց ես չեմ վախենում, որովհետև դա կոռուպցիոն սխեմաներից մեկն է, որը քանդվում է այս պահին։ Անտառապահները թափուկով են բիզնես անում։

Անտառտնտեսություն այնքան մարդ չի գալիս թափուկի համար, բայց երբ գնում ես գյուղ, տեսնում ես՝ բոլորի տան բակում փայտ է կուտակված։ Երբեմն միամիտ քաղաքացիներ են գալիս ու հարցնում՝ այս տարի ինչքա՞ն է լինելու թափուկի գինը։ Դա նշանակում է, որ թափուկի վաճառքը բավական տարածված պրակտիկա է եղել։

Իհարկե, մարդիկ չեն համաձայնվում գալ բողոքել ու ցուցմունք տալ անտառապահի դեմ, որովհետև մտածում են, որ արդարությունը Հայաստանում մինչև վերջ վերականգնված չէ։ Եվ մարդիկ վախենում են, որ վաղը-մյուս օրը անտառապահի հետ խնդիր կունենան, ընդհանրապես չեն կարողանա փայտ տանել տուն։ Այնպես որ, մարդիկ նախընտրում են լռել։

Դա կոռուպցիոն սխեմաներից մեկն է, բնակչի հետ ներքին կարգով համաձայնության են գալիս, բնակիչը գալիս, վերցնում է թափուկի տոմսը, բայց անտառապահը կարող է ասել՝ փայտ չունեմ, չեմ կարող տալ։ Ժողովրդին շանտաժ են անում կամ ուղարկում են այնպիսի տեղ, որտեղից ֆիզիկապես հնարավոր չէ թափուկը հանել։

Իսկ մատչելի տեղերից իրենք հանում են, հետո վաճառում։ Անտառապահներն ամբողջ օրն անտառում են, ընդհանրապես հնարավոր չէ վերահսկել՝ ինքն այդ պահին մի թեթև կտո՞ր դուրս բերեց, թե՞ չէ։

Ինչպե՞ս պետք է այս ամենի դեմ պայքարել։

– Լավագույն լուծումը համակարգում այնպիսի մարդկանց պետք է հավաքել, որպեսզի վստահության մթնոլորտ ձևավորվի, մինչև համակարգային լուծում կտրվի դրան։ Ես աշխատում եմ ազնիվ մարդկանց հավաքել հիմնարկում, որպեսզի իմ գնալուց հետո հետընթաց չգրանցվի։ Ես եկել եմ այս անտառտնտեսություն ու շատ քիչ մարդ եմ ազատել աշխատանքից։

Ուղղակի կանոններ եմ սահմանել, նրանք, ովքեր այդ խաղի կանոնները պահում են, աշխատում են։ Բայց կան մարդիկ, որ առիթավորվում են, իմ ներկայությամբ իրենց ուրիշ ձև են պահում, բայց այլ անձանց մոտ ուրիշ բան են ասում։ Մարդ կա ասում է՝ «քեզ կնկա տեղ են դնում»։

Բայց ես հակված չեմ այդպես մտածել, մտածում եմ, որ դա դաստիարակության հարց է՝ եթե մարդը մանիպուլյացիա անող է ու ստախոս, իրեն այդպես էլ պահելու է։

Աշխատակիցների մեծ մասը հարմարվում է նոր կանոններին, ճի՞շտ եմ հասկանում։

– Մեծ մասամբ հարմարվում է, որովհետև այլ աշխատանք չի կարողանում գտնել։ Ճիշտ է, աշխատավարձը ցածր է, բայց բարեփոխումներ են իրականացվում, որի արդյունքում անատառապահների աշխատավարձը կբարձրանա։ Եթե մարդիկ չհարմարվեն ու չաշխատեն, այլ աշխատանք գտնելու հավանականությունը գրեթե զրոյական է, դրա համար ուզեն-չուզեն պիտի հարմարվեն։

Բայց խնդիրն այն է, որ իրենց ուզելը քիչ է, պետք է այդ կոռուպցիա առաջացնող գործոններն էլ քիչ լինեն։ Ոչ թե պետք է ճիպոտը ձեռքիդ անտառապահներին հետևես, այլ իրենք պետք է հետևեն կարգին։ Դա էլ բարեվարքության հետ կապված հարց է։ Անտառտնտեսությունը մանկապարտեզ չէ, որ նստես մարդ դաստիարակես։

Պետական մակարդակով բավարար քայլեր արվո՞ւմ են՝ այդ հարցերին համակարգային լուծում տալու համար։

– Ես շատ ուրախ եմ, որ բոլոր մակարդակներում կան մարդիկ, որոնք հետաքրքրված են կոռուպցիան համակարգից արմատախիլ անելու հարցով։ Եվ ամենակարևորն այն է, որ ջանքեր են գործադրում, որ դա ոչ թե անեն նախկին մեթոդներով՝ դիմում գրելով, այլ օրենքով սահմանված կարգով՝ նկատողություն, խիստ նկատողություն, ազատում։

Եթե մարդը մի անգամ նկատողություն է ստանում, բայց իր վարքագիծը չի փոխում, ստացվում է, որ ինքն այդ հիմնարկի համար պիտանի մարդ չէ։ Անտառ պահելն ու անտառից փայտ գողանալը միմյանց հետ անհամատեղելի են։

Իմ հեռախոսի համարը անտառտնտեսության Ֆեյսբուքի էջում հրապարակված է։ Ես խնդրել եմ բոլոր նրանց, ովքեր որևէ կոռուպցիոն դեպք են նկատում աշխատողների հետ կապված, զանգեն անձամբ ինձ, տեղեկացնեն այդ մասին։ Ես լուրջ եմ տրամադրված այդ գործի նկատմամբ։

Սա ամենակոռումպացված ոլորտներից է, և այն մարդը, ով մտնում է բանդաների ու կոռումպացված շրջանակների հետ հակամարտության մեջ, ինքն իր վրա վերցնում է այդ ռիսկերը։ Այնպես որ, ես գիտակցված եմ ընդունել այդ որոշումը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am