Էյֆելյան աշտարակը փակվել է՝ կին աշխատակիցների փոխարինման դեմ գործադուլի պատճառով

Փարիզի Էյֆելյան աշտարակի աշխատակիցները սեպտեմբերի 7-ին գործադուլ են հայտարարել՝ կապված հինդուիստական խմբի մասնավոր այցի ընթացքում կին աշխատակիցներին տղամարդկանցով փոխարինելու հետ։ France 24-ի հաղորդմամբ՝ գործադուլի պատճառով աշտարակը ամբողջ օրը փակ է եղել։

CGT արհմիության հայտարարության համաձայն՝ աշխատակիցները դատապարտել են ղեկավարության կարգադրությունը, որի հետևանքով կին աշխատակիցները «մեկուսացվել են, փոխարինվել կամ ստիպված եղել աչքի չընկնել՝ իրենց սեռի պատճառով»։

Արհմիության տվյալներով՝ որոշ կին աշխատակիցների խնդրել են լքել իրենց աշխատատեղերը և տեղափոխվել այլ հատվածներ, իսկ որոշ դեպքերում նրանց փոխարինել են տղամարդիկ։ Բացի այդ, նրանց հրահանգվել է պատվիրակության գտնվելու ընթացքում չանցնել որոշակի հատվածներով։

Ըստ պարբերականի՝ պատվիրակության այցը համընկել է Սեն գետում հինդուիստական BAPS շարժման կազմակերպած մշակութային միջոցառման՝ նավակների երթի հետ։ BAPS-ը սեպտեմբերի 6-ին Փարիզի մոտ օծել է Ֆրանսիայում իր առաջին խոշոր տաճարը։

Էյֆելյան աշտարակը շահագործող SETE ընկերությունը հայտնել է, որ պատվիրակությունը խնդրել էր այցը կազմակերպել այնպես, որ սահմանափակվի «կանանց հետ շփումը»։ Ընկերությունը խոստովանել է, որ նման պայմանները «չպետք է ընդունվեին»։

SETE-ի հայտարարության համաձայն՝ այդ պայմանները չեն համապատասխանել ընկերության արժեքներին և տղամարդկանց ու կանանց հավասարության սկզբունքին։ Ընկերությունը նաև հայտնել է, որ պատրաստ է «ընդունել հետևանքները»։

Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը X-ում աջակցել է գործադուլին՝ կին աշխատակիցների բացառումը որակելով «անընդունելի» և նշելով, որ այն հակասում է Էյֆելյան աշտարակի կողմից պաշտպանվող արժեքներին։

Ֆրանսիայի հավասարության նախարար Ավրորա Բերժեն նույնպես քննադատել է միջադեպը։ «Ֆրանսիայում մենք կանանց չենք խնդրում ջնջել իրենց։ Ոչ մի դոգմա, ոչ մի կրոն Հանրապետության օրենքներից վեր չէ», – գրել է նա X-ում։

Էյֆելյան աշտարակը տարեկան ընդունում է շուրջ յոթ միլիոն այցելու։ Անձնակազմի ներկայացուցչի խոսքով՝ սեպտեմբերի 8-ին այն կվերաբացվի սովորական ռեժիմով։