«Մատրիցայի խափանում»․համացանցում քննարկում են ձերբակալված կնոջ նմանությունը Ջենիֆեր Լոպեսին

35-ամյա կնոջը բերման են ենթարկել՝ 580 դոլար արժողությամբ ենթադրյալ գողության գործով, սակայն ուշադրության կենտրոնում շատ արագ հայտնվել է նրա՝ ծանոթ թվացող դեմքը։

Սայրենա Էնն Քուաստը ձերբակալվել է՝ մոտ 580 դոլար արժողությամբ էլեկտրական գործիքների մարտկոցներ գողանալու կասկածանքով։

Մինեսոտայից կնոջ ոստիկանական լուսանկարը լայն տարածում է գտել՝ Ջենիֆեր Լոպեսին նրա զարմանալի նմանության պատճառով։

Սայրենա Էնն Քուաստի՝ ձերբակալությունից հետո արված լուսանկարը համեմատել են ոչ այլ ոքի, քան Ջենիֆեր Լոպեսի հետ։ Սոցիալական ցանցերի օգտատերերը պնդում են, որ Մինեսոտայից կինը զարմանալիորեն նման է համաշխարհային աստղին։

Քուաստը ձերբակալվել է օգոստոսի 30-ին՝ Մոնտիչելոյի խանութներից մեկից էլեկտրական գործիքների մարտկոցների երկու կրկնակի փաթեթ գողանալու կասկածանքով։

Մարտկոցների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 580 դոլար, հայտնում է New York Post-ը։

Հաղորդվում է, որ խանութի աշխատակիցներից մեկը ճանաչել է Քուաստին, քանի որ ընդամենը երկու օր առաջ նա ևս մեկ ենթադրյալ գողության դեպքի հետ էր կապվել, և աշխատակիցը տեղեկացրել է ոստիկանությանը։

Այդ նախորդ միջադեպի ժամանակ, ըստ հաղորդումների, մի կին մարտկոցները վերցրել ու դուրս է եկել խանութից, ապա հեռացել սպիտակ Subaru մակնիշի ավտոմեքենայով։

Քրեական գործի նյութերի համաձայն՝ խանութի աշխատակիցը ոստիկանությանը հայտնել է մեքենայի նկարագրությունն ու պետհամարանիշը։

Հաղորդվում է, որ ձերբակալության ժամանակ Քուաստը խոստովանել է, որ վերցրել է մարտկոցների փաթեթները։ Նրան մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի իրավախախտում համարվող գողության համար։

Սակայն սոցիալական ցանցերում իսկական աղմուկ է բարձրացրել ոչ թե հենց գողության դեպքը, այլ Ռայթ շրջանի շերիֆի գրասենյակում արված նրա ոստիկանական լուսանկարը։