Ադրբեջանի Լաչինի շրջանի ուղղությամբ ծառայող և անհետ կորած համարվող զինծառայող Նասիմի Մուսաևի գործով քրեական վարույթ է հարուցվել։ Այս մասին, ըստ Oxu.Az-ի, հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 26-ին Մուսաևի՝ ծառայության վայրում չգտնվելու և նրա գտնվելու վայրը պարզել չհաջողվելու պատճառով սկսվել են որոնողական աշխատանքներ՝ Ադրբեջանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներգրավմամբ։
Ռազմական դատախազությունում կատարված քննության արդյունքում, ըստ ադրբեջանական կողմի, հիմնավոր կասկածներ են առաջացել, որ զինծառայողն ինքնակամ լքել է զորամասը։ Հավաքված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նաև հայտնել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է՝ Մուսաևը գտնվում է Հայաստանի տարածքում և ձերբակալվել է ՀՀ համապատասխան մարմինների կողմից։
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի պետական կառույցները կապի մեջ են հայկական կողմի համապատասխան մարմինների հետ՝ զինծառայողի՝ Հայաստանի տարածքում գտնվելու և ձերբակալման, ինչպես նաև դեպքի մյուս հանգամանքները պարզելու նպատակով։
Ավելի վաղ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող։ Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվում է քննություն։



















