ՀՀ տարածք ադրբեջանցների ներթափանցումն անընդունելի է և չի դիտարկվում սահմանազատման տրամաբանության մեջ. Մակունց

Ռուսական կողմը Հայաստանին առաջարկ է ներկայացրել ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով՝ քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ հարցեր:

 «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պարզաբանելով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցությունները:

«Իմ ունեցած տեղեկությամբ, հայկական կողմն արձագանքել է, որ աշխատանքային խումբ ստեղծելու կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի զինված ուժերն ամբողջությամբ լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը»,-ասաց Լիլիթ Մակունցը:

Հարցին, թե սոցիալական ցանցերում կոնկրետ փաստաթուղթ է շրջանառվում և խոսվում է տարածքներ տալու մասին՝ Լիլիթ Մակունցն առաջարկեց հղումներ կատարել ոչ թե կասկածելի աղբյուրներին, այլ պաշտոնականին:

Լրագրողները փորձեցին ճշտել, թե պատրաստվո՞ւմ են արդյոք ներկայացնել քննարկվող փաստաթղթի բովանդակությունը: Ի պատասխան Լիլիթ Մակունցը նշեց, որ եթե գնում են բանակցություններ, ապա դրանց մասին լիազորված է խոսել համապատասխան կառույցը:

«Ես չեմ ուզում, որ մենք իրադարձություններից առաջ ընկնենք, և կցանկանայի հիշեցնել, որ խոսվում էր պայմանների մասին, որոնք անհրաժեշտ են իրականացնել որևէ հարց դիտարկելու, այդ թվում՝ հանձնաժողով ստեղծելու համար:

Այն, որ Ադրբեջանի զինված ուժերը ներթափանցել են ՀՀ տարածք, դա որևէ կերպ չի կարող ընդունելի լինել մեզ համար և այդ հարցը չենք դիտարկում սահմանազատման խնդիրների տրամաբանության մեջ»,-ասաց Լիլիթ Մակունցը: