ԱՄՆ իշխանությունները հետևում են Ռուսաստանի Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր դեպքի մասին տեղեկություններին՝ հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ իրավիճակը վերահսկում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ CDC-ի և այլ գերատեսչությունների հետ համատեղ։
Ըստ RFE/RL-ի, որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ արդեն կոչ են արել սահմանափակել Ռուսաստանից և դեպի Ռուսաստան ուղևորությունները։ Նախկին կոնգրեսական Ադամ Քինզինգերը, մասնավորապես, կոչ է արել դադարեցնել Ռուսաստանից թռիչքները մինչև իրավիճակի պարզաբանումը։ Միաժամանակ ԱՄՆ իշխանությունները որևէ նոր պաշտոնական սահմանափակում դեռ չեն հայտարարել։
Իրկուտսկում մոտ 200 մարդ, որոնք կարող էին շփվել մահացած աշխատակցուհու հետ, վերցվել են բժշկական հսկողության տակ կամ մեկուսացվել։ Ռուսաստանի իշխանությունները չեն հաստատել, որ կնոջ մահվան պատճառը ժանտախտն է և հայտարարել են, որ տարածաշրջանում համաճարակաբանական իրավիճակը կայուն է։



















