Եթե Փաշինյանի վրա կա ճնշում, որ ստորագրի փաստաթուղթ, կարիք չկա դա արդարացնելու նպատակով խեղաթյուրել ամեն ինչ. Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ի պատասխան իր հայտարարության Արցախի Հանրապետության խորհրդարանի հայտարարությանը, ասաց, որ Արցախում սովորաբար իրեն սխալ են հասկացել, այս անգամ էլ երևի սխալ են հասկացել, ու փոխարենը խորհուրդ տվեց բոլորիս «առերեսվել իրականության հետ», ըստ որի Մադրիդյան սկզբունքներով Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչվել դեռ վաղուց։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Փաշինյանի այս հայտարարությունը, ու իսկապե՞ս իրականությունը դա է, որին առաջարկում է առերեսվել։

– Իրականությունը դա չէ։ Անընդհատ նախկիններին, աշխարհին մեղադրելուց հետո հիմա էլ անցել է փաստաթղթերին ու ձևաչափերին մեղադրելուն։ Մադրիդյան սկզբունքները իդեալական փաստաթուղթ չէր Հայաստանի համար, բայց նաև այն չէ, ինչ ներկայացնում է պարոն Փաշինյանը։ Եթե իր վրա կա ճնշում, որպեսզի ստորագրի փաստաթուղթ, որն անհամեմատ ոչ շահեկան է ողջ հայության համար, ապա կարիք չկա դա արդարացնելու նպատակով խեղաթյուրել միջազգային իրավունքը, ձևաչափը, պայմանագրերը և այլն։ Այդ տեքստերը վերջիվերջո կարելի է նույնիսկ իրավաբանական ֆակուլտետի երկրորդ կուրսի մակարդակով վերլուծել ու բացահայտել, որ Փաշինյանի ասածն ամենևին չի համապատասխանում դրանց բովանդակությանը։ 

Երկրորդը՝ ինքը որևէ խնդիր չունի իր միտքը ձևակերպել այնպես, որ Արցախում իրեն իբր ճիշտ հասկանան։ Կարելի է շատ տարբեր կերպ վերաբերվել Արցախի էլիտային, բայց մեղադրել այդ մարդկանց, որոնք դեմ են իրենց էթնիկ զտմանը ու ստրկացմանը, ամեն ինչից զատ, անբարոյականություն է։ Այդ մի հարցում նրանց մեղադրել չի կարելի, ու նրանց մտահոգությունը լիովին հիմնավորված է, ու ցանկացած քաղաքակիրթ մարդ, առավելևս՝ ազգությամբ հայ, պետք է այդ մտահոգությունները ընկալի ու հասկանա։

– Ինչո՞ւ է այդ դեպքում գործադիրի ղեկավարը, ինչպես դուք եք նշում,  փորձում իրականությանը չհամապատասխանող փաստը ներկայացնել իբրև եղելություն։

– Մանիպուլյացիան նրա քաղաքական ոճն է բոլոր հարցերում, պարզապես նա ուզում է հայ ժողովրդից ստանալ որքան հնարավոր է մեծ աջակիցներով մանդատ՝ շատ-շատ վատ պայմանագրեր ստորագրելու համար։

 – Պարո՛ն Հովհաննիսյան, կարծում եք ճնշո՞ւմ կա, որ Փաշինյանը ստորագրի խաղաղության պայմանագիրը։

– Խաղաղության պայմանագիրն այնպես, ինչպես ինքն է նկարագրում, պահանջում են ստորագրել միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը, ես կարծում եմ՝այսօր չկան հանգամանքներ, որոնք մեզ կստիպեն գնալ նման քայլի։ 

– Ձեզ համար պա՞րզ է, թե գործող իշխանությունը Արցախի մասով ինչ դիրքորոշում ունի։

– Որքան հնարավոր է իրենցից հեռու վանել, ինչ-որ մեկի վզին փաթաթել, որովհետև հնարավոր չէ սկուտեղի վրա Արցախը մատուցել Ադրբեջանին ու գոհ, երջանիկ ապրել, սա այնքան պարզ ու բացահայտ է։ 

– Իսկ ինչո՞ւ իրենք այդ մասին ուղիղ չեն ասում։

– Որովհետև նույնիսկ իրենց ընտրողների կողմից դա լիարժեք չի ընկալվի, և երկրորդ՝ կան միջազգային խաղացողներ, որոնք չեն լիազորել Նիկոլ Փաշինյանին Մինսկի խումբը չեղարկել, ինքը դրա ո՛չ մանդատը, ո՛չ իրավունքը չունի։ 

– Այս պարագայում ի՞նչ զարգացումների սպասել, պարո՛ն Հովհաննիսյան։

– Մեր կառավարությունից կարելի է սպասել ձեր մտքով անցնող ցանկացած վատ բան, իսկ միջազգային զարգացումների տեսանկյունից պետք է սպասել ռուս-ուկրաինական հաջորդ հանգրվանին, որն այս օրերին կլինի, ու Թուրքիայի ընտրություններին։ 

– Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի այդ հանգրվանը ձեզ համար պա՞րզ է։

– Ռուսաստանն այս փուլում պարտվելու է, իսկ այդ փուլը որքանով է արագացնելու պատերազմի վերջը, չեմ կարող ասել։

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am