«Նոր լոքդաունը, իսկապես, ծանրագույն հարված կհասցնի տնտեսությանը». Կարեն Սարգսյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, ըստ ձեզ, ի՞նչ տնտեսական հետևանքներ կարող է առաջացնել առողջապահության նախարարության նոր նախագիծը, այն է՝ քաղաքացիները ժամանցի վայրեր, ռեստորաններ կարող են մուտք գործել միայն պատվաստումը կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող փաստաթղթով։

– Նկատելի է, որ տնտեսությունը հետճգնաժամային փուլում դանդաղ վերականգնվում է, բայց դրան զուգահեռ ունենք նաև գնաճ։ Սպառողական շուկայի գնաճը կազմում է 6,7%, իսկ արդյունաբերական գների ինդեքսը՝ 9,8%։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը անցած տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 1%-ով, ինչը, եթե համեմատենք արդյունաբերական գների ինդեքսի հետ՝ նկատելի է, որ գնաճն ավելի շատ է։

Եթե համեմատում ենք նաև առևտրի ու ծառայությունների ոլորտում արձանագրված աճը նախորդ տարվա 8 ամսվա հետ, ապա այն այդքան էլ գոհացուցիչ չէ։ Ընդհանուր տնտեսական աճը այս տարվա 8 ամսին եղել է ընդամենը 4,9% , արդյունաբերության աճը՝ 1%, շինարարությանը՝ 7%, առևտրի շրջանառությունը՝ 7,1%, ծառայությունները՝ 5,3%։

Տնտեսական աճը հիմնականում ապահովում են այս երեք ոլորտները, հետևաբար, եթե այս ոլորտներում որոշակի սահմանափակումներ մտցվեն, ապա, բնականաբար, հետևանքները բացասական կլինեն։ Միևնույն ժամանակ, նման պահանջը պետք է, քանի որ բխում է հանրային առողջության շահերից։

– Իսկ այդ սահմանափակումների բացասական ազդեցությունը մե՞ծ է լինելու տնտեսության վրա։

– Այն, որ ազդեցությունը բացասական է լինելու, միանշանակ է, բայց հիմա դժվար է ասել, թե որքան է կազմելու այդ ցուցանիշը, դա կերևա այդ սահմանափակումը կիրառելուց ամիսներ անց։

Անշուշտ COVID 19-ն իր բացասական ազդեցությունն ունեցավ բոլոր ոլորտների վրա, տվյալ դեպքում, քանի որ զվարճանքի վայրերի, ռեստորանների մասով է սահմանափակումը գործելու, իսկ արդեն տեսանք, որ տնտեսական աճն ապահովող ակտիվ ոլորտներից մեկն էլ սպասարկման ոլորտն էր, բնական է, որ հետևանքները ծանր են լինելու։

– Պարո՛ն Սարգսյան, եթե որոշում կայացվի, որ Հայաստանի Հանրապետությունը կրկին մասնակի կամ ամբողջական լոքդաունի է անցնում, տնտեսությունը կկարողանա՞ դրա հետևանքները հեշտությամբ հաղթահարել։

– Չեմ կարծում, քանի որ եվրոպական երկրները ֆինանսական ներարկումներ իրականացրեցին, աջակցության այլ ծրագրեր, բայց նույնիսկ այդ պարագայում հեշտությամբ չեն կարողանում հաղթահարել համավարակի հետևանքները: Իսկ Հայաստանի պարագայում այդ աջակցության ծրագրերը բավարար չեն եղել, հետևաբար, չի կարողանալու հաղթահարել ևս մեկ լոքդաունի տնտեսական հետևանքները։

– Այսինքն՝ կարծում եք, որ Հայաստանի տնտեսական ներկայիս վիճակը թույլ չի՞ տալիս մեզ անգամ մասնակի լոքդաունի գնալ։

– Այո՛, որովհետև դրա հետևանքների հաղթահարումը շատ ծանր է լինելու։ Շատ ավելի հեշտ ու ճիշտ կլինի, եթե համավարակի դեմ տարվող պայքարի վերահսկողությունը խստացվի ու պատշաճ մակարդակով տարվի, քան կրկին դիմել համատարած սահմանափակումների։

Այս պարագայում նոր լոքդաունը իսկապես ծանրագույն հարված կհասցնի տնտեսությանը, ուստի հնարավոր բոլոր միջոցներով պետք է փորձենք խուսափել այդ ծանրագույն կետին հասնելուց։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am