Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ճանապարհը 15 րոպեից ավելի արգելափակած վարորդները կարող են տուգանվել, եթե վթարը լուրջ հետևանքներ չի ունեցել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ անգամ փոքր նյութական վնասով վթարները կարող են խոշոր խցանումներ առաջացնել՝ էապես դանդաղեցնելով երթևեկությունը։
Որպես օրինակ՝ Ավինյանը նշել է Միասնիկյան պողոտան, որտեղ երեք երթևեկելի գոտիներից երկուսի արգելափակման դեպքում մեքենաների միջին արագությունը կարող է նվազել մինչև 8 կմ/ժ, իսկ խցանման երկարությունը հասնել երկու կիլոմետրի։
«Երևանի ՏԻՄ օրենքի փոփոխությունների շրջանակում մենք հստակ տուգանք ենք դրել 15 րոպեից ավել վթարի դեպքում, եթե լուրջ հետևանքներ չկան»,- հայտարարել է քաղաքապետը։
Նա հորդորել է վարորդներին հաշվի առնել, որ առողջական լուրջ հետևանքներ չունեցող վթարներից հետո ճանապարհը երկար ժամանակ արգելափակելը կարող է տուգանքի պատճառ դառնալ, հատկապես երթևեկության ծանրաբեռնված ժամերին։
Ավինյանն անդրադարձել է նաև երկրորդ շարքում կայանելու խնդրին։ Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման յուրաքանչյուր խախտում հաջորդող առաջին մեքենայի համար առաջացնում է չորս, իսկ երկրորդի համար՝ վեց վայրկյանի հապաղում։ Ծանրաբեռնված ժամերին այդ ազդեցությունը տարածվում է հարյուրավոր մեքենաների վրա։
Քաղաքապետը կարևորել է տեսահսկման սարքերի կիրառումը նման խախտումները հայտնաբերելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։ Նա նաև առաջարկել է Կառավարության և ՆԳՆ-ի հետ քննարկել քարշակների գործարկման հարցը։
Անդրադառնալով ապահովագրական ընկերություններին՝ Ավինյանը նշել է, որ դրանք չպետք է վարորդներից պահանջեն վնասի փոխհատուցման համար ավելի շատ գործողություններ, քան նախատեսված է օրենսդրությամբ։
Նրա խոսքով՝ ապահովագրական ընկերությունները պետք է ներդնեն վնասի չափն արձանագրելու նորարարական մեթոդներ՝ առանց երթևեկության համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու։
Ավինյանն ընդգծել է, որ ճանապարհային երթևեկության անխափան կազմակերպումն առաջնահերթություն է, և ապահովագրական գործընթացները չպետք է հանգեցնեն երկարատև խցանումների։



















