Հայաստանի երկաթուղու կառավարումը կարող է փոխանցվել երրորդ երկրի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի համար առաջնահերթ է երկաթուղային համակարգի մրցունակության ապահովումը, և չի բացառվում դրա կոնցեսիոն կառավարման փոխանցումը երրորդ երկրի։

«Մենք խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ, մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին լինի մրցունակ»,- հոկտեմբերի 15-ի ճեպազրույցում ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարության վերլուծությունները ցույց են տալիս, որ առավել նպատակահարմար տարբերակը կոնցեսիոն կառավարման ձևաչափի փոփոխությունն է։

Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խումբ ձևավորելու շուրջ, որը երեք ամսվա ընթացքում պետք է ներկայացնի երկաթուղու մրցունակության ապահովման լուծումները։

«Իրենք ասում են՝ պատժամիջոցները դրան չեն խանգարում: Մենք կարծում ենք, որ խնդիր է դա, բայց իրենք ասում են՝ չեն խանգարում»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը որպես ռազմավարական նպատակներ առանձնացրել է Իջևան–Հրազդան երկաթուղու վերականգնումը, Ախուրիկում սռնանիվների փոխման կետի կառուցումը և Լերմոնտովո–Ֆիալետովո հատվածի միացումը Վանաձոր–Գյումրի երկաթուղային գծին։

«Այդ հարցերը պետք է լուծենք՝ առավել ևս մեր բարեկամների հետ հարաբերություններում լինելով առավելագույնս բարեկամական»,- ընդգծել է վարչապետը։