Ֆրանսիան բախվել է վերջին տարիների ամենածանր անկարգությունների հետևանքներին․ Reuters

Ֆրանսիայում հոկտեմբերի 17-ի զանգվածային անկարգություններից հետո իշխանությունները գնահատում են վերջին տարիների ամենալուրջ բախումների հետևանքները։ Կյանքի թանկացման և հանրային ծառայությունների վիճակի դեմ ցույցերի ընթացքում մեկ մարդ է մահացել, ավելի քան 500 ոստիկան վիրավորվել է, իսկ ձերբակալվածների թիվը հասել է շուրջ 1800-ի։

Ինչպես հոկտեմբերի 18-ին հաղորդում է Reuters-ը, Փարիզում ցուցարարներից մեկը մահացել է սրտի կանգից։ Միայն մայրաքաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 855 մարդու։ Երկրի տարբեր քաղաքներում հրկիզվել են շենքեր, թալանվել խանութներ, վնասվել պետական հաստատություններ և ոստիկանական մեքենաներ։

Լիմոժում հրկիզվել և մասամբ ավերվել է 143 տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի շենքը։ Քաղաքապետ Գիյոմ Գերենը հայտարարել է, որ հրդեհը կանխամտածված է եղել, իսկ շենքում գտնվող մարդիկ վախեցել են իրենց կյանքի համար։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանի վերականգնման համար անհրաժեշտ է շուրջ մեկ միլիոն եվրո։

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում սկսվել են ավերածությունների հետևանքների վերացման աշխատանքները։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի տվյալներով՝ վնասվել են մի քանի հարյուր խանութներ։ Բորդոյում թալանվել է մինչև 100 առևտրային օբյեկտ։ Carrefour առևտրային ցանցը հայտնել է, որ վնասվել է իր 50 խանութ, որոնցից 20-ը թալանվել են։ Ընկերության վնասը գնահատվում է տասնյակ միլիոնավոր եվրո։

Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն անկարգությունների պատասխանատվությունը վերագրել է ծայրահեղ ձախ խմբերին և հանցագործներին։ Էկոնոմիկայի նախարար Ռոլան Լեսկյուրը խոստացել է աջակցել տուժած գործարարներին՝ հայտարարելով, որ ավերածությունների հեղինակները պետք է փոխհատուցեն պատճառված վնասը և պատասխանատվության ենթարկվեն։

Հոկտեմբերի 17-ի ցույցերին մասնակցել է ավելի քան կես միլիոն մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բողոքի ակցիաներ է անցկացրել։ Շարժումը սկսվել էր սեպտեմբերին՝ դպրոցների վատ պայմանների և ուսուցիչների պակասի դեմ, ապա վերածվել սոցիալական անհավասարության, պետական ծախսերի կրճատման և կյանքի թանկացման դեմ համազգային բողոքի։

Զանգվածային անկարգությունները մեծացրել են ճնշումը նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության նկատմամբ՝ 2027 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ։ Մակրոնը նախատեսում է հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 20։00-ին, ուղերձով դիմել ժողովրդին։