Կազանին սպասելիս. ի՞նչ կարող է լինել եռակողմ հանդիպման ժամանակ

Կազանին սպասելիս. ի՞նչ կարող է լինել եռակողմ հանդիպման ժամանակ
Կազանին սպասելիս. ի՞նչ կարող է լինել եռակողմ հանդիպման ժամանակ

Հունիսի 24-ին Կազանում կայանալիք Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև-Իլհամ Ալիև հերթական եռակողմ հանդիպումից առաջ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում շարունակվում են կանխատեսումներն ու մտահոգությունները: Ու թեև պաշտոնական հանգստությանը` հայաստանյան փորձագետները հավանական են համարում, որ Կազանում կարող է ինչ-որ լուրջ համաձայնություն լինել:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Մեդիալաբին» ասում է, թե «հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի տակ ստորագրելը շատ շահավետ է Մոսկվայի համար, որովհետև Ռուսաստանը պետք է արդարացնի իր միջնորդական առաքելությունը և ամեն ինչ անի, որ այն հաջողությամբ պսակվի»:

 

«Եվ երկրորդ` հակառակ դեպքում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում կարող է գալ արդեն ԱՄՆ-ի փուլը, որն արդեն ինքը կներկայացնի իր առաջարկները: Ռուսական շրջանակներում նման տեսակետներ կան: Բայց ես կարծում եմ, որ երկու կողմերի համար էլ բարդ կլինի նման քայլի գնալ, քանի որ թեև հայկական և ադրբեջանական կողմերը արտաքուստ հայտարարում են, թե կողմ են փաստաթղթին, բայց ներքին կարգով ամեն ինչ անում են, որ դիմացինը մերժի այն: Ուստի կարծում եմ, որ կողմերը չեն գնա ստորագրման»,- ասում է Բոզոյանը:

Քաղաքագետի խոսքով` ինքը նաև հույս ունի, որ հայկական կողմը չի գնա մեզ համար այդ ոչ շահավետ լուժմանը, քանի որ դա կլինի «քաղաքական ֆորս մաժոր և քաղաքական ինքնասպանություն», առավել ևս, ըստ նրա, հաշվի առնելով իշխանությունների լեգիտիմության պակասը:

«Բայց ես մի մտավախություն էլ ունեմ` հաշվի առնելով գիշերային դիվանագիտության դառը փորձը, երբ գիշերը ստորագրում են և հաջորդ օրը հայտարարում այդ մասին: Ուստի 90 տոկոսով կարծում եմ, որ Կազանում փաստաթուղթ չեն ստորագրի, բայց 10 տոկոսով էլ, հաշվի առնելով դառը փորձը, ստորագրելու հավանակություն կա»,- ասում է քաղաքագետը:

Անկախ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, թե հնարավոր է, որ Կազանում ինչ-որ համաձայնություն լինի հիմնարար սկզբունքների շուրջ:

«Բայց չեմ կարծում, որ կոնկրետ ստորագրություն կդրվի փաստաթղթի տակ»,- ասում է Մեհրաբյանը: Փորձագետը հիշեցնում է, թե քանի որ բանակցությունները փակ են, փորձագետներին մնում է իրենց տեսակետները հայտնել սեփական ենթադրությունների ու վերլուծությունների հիման վրա:

«Դատելով դրանից` հավանական է, որ ինչ-որ համաձայնություն կլինի Կազանում, այլապես Ռուսաստանի` որպես միջնորդ երկրի և Դմիտրի Մեդվեդևի` որպես այդ երկրի ղեկավարի հեղինակությունը հարվածի տակ կդրվի: Բայց չեմ կարծում, թե դա վերջնական փաստաթուղթ կլինի, որովհետև դա բխում է հենց երեք նախագահների Դովիլյան հայտարարությունից»,- ասում է Մեհրաբյանը:

Փորձագետի խոսքով` նախագահներն իրենց այդ հայտարարությունում մի կողմից կողմերին կոչ են անում գնալ ստորագրման, մյուս կողմից էլ ասում են, որ հենց ստորագրման ժամանակ իրենք կլինենք այնտեղ:

«Իսկ Կազանի հանդիպմանը երեք նախագահների ներկայության մասին որևէ տեղեկատվություն չի տարածվել: Այնպես որ, ըստ իս, Կազանում վերջնական համաձայնություն ձեռք կբերվի հիմնարար սկզբունքների շուրջ, բայց կստորագրվի՞, թե՞ ոչ` դա արդեն հարցի ընթացակարգային կողմն է: Ակնհայտ է, որ Կազանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում լուրջ, դե ֆակտո առաջընթաց կինի այն մասով, որ համաձայնություն կլինի սկզբունքների շուրջ, որը վերաբերում է կարգավորման ընդհանուր փիլիսոփայությանը: Բայց հրամայական այն իր մեջ կարող է չպարունակել»,- ասում է Մեհրաբյանը:

Կազանում կայանալիք հանդիպումը նաև միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է: «Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող երկարատև դիմակայությանը վերջ տալուն ուղղված խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում ծագել են առաջընթացի հույսեր, սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ պատերազմի վերսկսումը նույնպես հնարավոր է»,- Կազանում կայանալիք հանդիպման մասին գրել է արաբական Al Arabiya-ն` հավելելով, թե Կազանում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների նախօրեին լուրեր են շրջանառվում, որ «ոխերիմ թշնամիները կարող են «հիմնարար սկզբունքների» շուրջ համաձայնագիր ստորագրել. փոքր քայլ` հակամարտության կարգավորման երկար ճանապարհին»:

«Երկու օրից էլ քիչ ժամանակ է մնացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը: Նրանք կարող են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման պատմական համաձայնագրի հիմք դնել»,- իր հերթին նույն հարցի մասին գրել է իսպանական El Mundo պարբերականը:

Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանն էլ օրերս հայտարարել էր, թե «Հայաստանի նախագահը Կազան այցից առաջ պետք է մեր ժողովրդին ինչ-որ բան ասի այդ կապակցությամբ»: Օսկանյանն ասել է, թե «երբեք, ամբողջ այս գործընթացի պատմության ընթացքում, նման իրավիճակ չի ստեղծվել, երբ բոլորն ասում են, որ ամեն ինչ պատրաստ է` կարող են ստորագրել»:

Հիշեցնենք, որ Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումը տեղի կունենա հունիսի 24-ին, թեև նախապես խոսվում էր հունիսի 25-ի մասին: Երկու օր առաջ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում տեղադրվել էր տեղեկատվություն, ըստ որի երեք նախագահների հանդիպումը կկայանա նախատեսվածից մեկ օր շուտ:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am