ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հիմար մարդիկ» է անվանել նրանց, ովքեր պահանջում էին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 30-ին Սպիտակ տանը ռուսական կալանքից ազատ արձակված ամերիկացի Սթիվեն Հաբարդի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է KFOX 14-ը։
«Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ սահմանեմ Ռուսաստանի դեմ»,- ասել է Թրամփը։
Հաբարդն արձագանքել է, որ ռուսները «ծիծաղում են այդ պատժամիջոցների վրա», ինչին Թրամփը պատասխանել է. «Լսեցի՞ք։ Նրանք ծիծաղում են պատժամիջոցների վրա»։
ԱՄՆ նախագահը բացատրել է, որ հրաժարվել է նոր սահմանափակումներից՝ Հաբարդի ազատ արձակման շուրջ Մոսկվայի հետ բանակցությունները չվտանգելու համար։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այդ ընթացքում Ռուսաստանի հետ «շատ նուրբ բանակցություններ» էր վարում՝ միաժամանակ քննարկելով Ուկրաինայի հարցով հնարավոր համաձայնությունը։ Թրամփը պնդել է, որ պատժամիջոցների սահմանումը կարող էր խափանել այդ գործընթացը։
74-ամյա Սթիվեն Հաբարդը ռուսական կալանքում անցկացրել է ավելի քան չորս տարի։ Ռուսաստանը նրան մեղադրում էր Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու մեջ։ Նա ազատ է արձակվել հոկտեմբերի 21-ին՝ Թրամփի վարչակազմի միջամտությունից հետո։



















