Միացյալ Նահանգներն աջակցում է Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական բնական գազի մատակարարումները վերսկսելու ծրագրին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնության հեղինակներն են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։
Քննարկվող տարբերակի համաձայն՝ ռուսական գազը Եվրոպա կմատակարարվի ամերիկյան միջնորդի միջոցով՝ եվրոպական պատժամիջոցների հետ կապված սահմանափակումները շրջանցելու նպատակով։
Ամերիկացի բանակցողները եվրոպական կառավարություններին առաջարկը ներկայացրել են որպես էներգակիրների գները նվազեցնելու հնարավորություն՝ հաշվի առնելով ձմռանն ընդառաջ Եվրոպայում գազի համեմատաբար ցածր պաշարները։
Առաջարկներից մեկով նախատեսվում է, որ գազի վաճառքից ստացված եկամուտները կփոխանցվեն երրորդ կողմի վերահսկողության տակ գտնվող հատուկ հաշվին։
Ըստ WSJ-ի՝ Վաշինգտոնը դիտարկում է նաև «Հյուսիսային հոսք» գազատարով մատակարարումների վերականգնման հնարավորությունը՝ ավելի լայն քաղաքական կարգավորման շրջանակում։
Սպիտակ տանը կարծում են, որ նման պայմանավորվածությունները կարող են նպաստել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ու նվազեցնել Մոսկվայի և ԱՄՆ եվրոպական դաշնակիցների միջև լարվածությունը։



















