Ժամկետանց դեղեր եւ սնունդ, զսպման միջոցների խնդիրներ եւ ավելին. ՄԻՊ-ը խախտումներ է հայտնաբերել Սյունիքի նյարդաբուժական դիսպանսերում

Ժամկետանց դեղեր եւ սնունդ, զսպման միջոցների խնդիրներ եւ ավելին. ՄԻՊ-ը խախտումներ է հայտնաբերել Սյունիքի նյարդաբուժական դիսպանսերում
Ժամկետանց դեղեր եւ սնունդ, զսպման միջոցների խնդիրներ եւ ավելին. ՄԻՊ-ը խախտումներ է հայտնաբերել Սյունիքի նյարդաբուժական դիսպանսերում

Խախտումներ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում․ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի՝ «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերություն կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագարված խնդիրներն ամփոփվել են և կազմվել է մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:

Վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները.

✅պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ, հիգիենիկ և անկողնային պարագաների, սպիտակեղենի բացակայություն, սննդի տրամադրման հետ կապված խնդիրներ և այլն,
✅տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար Կազմակերպությունում բացակայում են ողջամիտ հարմարեցումները,
✅տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշներն անբավարար են,
✅անհրաժեշտ է բացառել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամկետանց կամ ժամկետն անհայտ սննդի տրամադրումը,
✅արձանագրվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ, ինչպես նաև առանց պիտանելիության ժամկետի դեղեր,
✅պատշաճ չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա բացօդյա զբոսանքի իրավունքը,
✅բացակայում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նպատակային զբաղվածության և այլընտրանքային բուժման հնարավորությունը,
✅անհրաժեշտ է մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի, այդ թվում՝ հեռախոսակապի խրախուսման մեխանիզմներ,
✅առկա են խնդիրներ հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերում,
✅բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետազոտություններն իրականացնելու նկատմամբ միասնական մոտեցումը և չափորոշիչները,
✅առկա են զսպման միջոցների կիրառման հետ կապված խնդիրներ,
✅անհրաժեշտ է մշակել հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման և այդ մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու կարգ,
✅առկա է հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների ցանկերի սահմանման անհրաժեշտություն՝ հոգեբուժական կազմակերպություններում վճարովի ծառայությունների տեսակի և սակագների չհիմնավորված տարբերակվածությունը բացառելու նպատակով,
✅պետք է նախատեսել անհրաժեշտ և բավարար հաստիքներ հոգեբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ կազմակերպելու համար և այլն:

Այցի ավարտին վեր հանված խնդիրները քննարկվել են Նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրինության հետ: Ինչպես տնօրենը, այնպես էլ Նյարդահոգեբուժական դիսպանսերի աշխատակիցները լիարժեք համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենի պատրաստակամությունը միջոցներ ձեռնարկելու վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ և արդեն իսկ ձեռնարկված որոշակի քայլերը, օրինակ այլընտրանքային զինվորական ծառայողները այգիներ են մշակում դիսպանսերի տարածքում, որի բերքից օգտվում են նաև պացիենտները, պատշաճ իրականացվում է թափոնների խոտանման կարգը և այլն:

Ուսումնասիրության արդյունքները վեր հանված խնդիրների լուծման առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ուղարկել է ՀՀ առողջապահության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:

Ուսումնասիրությամբ Պաշտպանն ընդգծվել է նաև Նյարդահոգեբուժական դիսպանսերի աշխատաողների աշխատանքային պայմանների և սոցիալական երաշխիքների բարելավման կարևորությունը՝ դրանք դիտարկելով մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից: