ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող ընկերությունները միլիոնավոր դոլարներ են ստացել ադրբեջանական և ռուսական փողերի լվացման սխեմաների հետ առնչվող կազմակերպություններից։ Այդ մասին վկայում են գերմանական Deutsche Bank բանկից արտահոսած գաղտնի փաստաթղթերը։
Ֆրանսիական «Le Monde» պարբերականի նոյեմբերի 17-ի հետաքննության համաձայն՝ փաստաթղթերն առաջին անգամ բացահայտում են Թրամփին պատկանող ընկերությունների ֆինանսական ուղղակի կապը «Ադրբեջանական լվացքատուն» անվամբ հայտնի փողերի լվացման սխեմայի հետ։
Խոսքը շուրջ 3 միլիարդ դոլարի գաղտնի ֆինանսական ցանցի մասին է, որի գոյությունը 2017 թվականին բացահայտել էին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) և «Le Monde»-ը։ Ըստ հետաքննության՝ այդ միջոցներն օգտագործվել են քաղաքական ազդեցություն ձեռք բերելու և Ադրբեջանի իշխող վերնախավի շահերից բխող ֆինանսական գործարքներ իրականացնելու համար։
Նոր բացահայտումների հիմքում Deutsche Bank-ից արտահոսած ավելի քան 15 միլիոն գաղտնի փաստաթղթեր են, որոնք ուսումնասիրել են 50-ից ավելի լրատվամիջոցների շուրջ 230 լրագրողներ։
Հետաքննության առանցքում Թրամփի՝ Բաքվում նախատեսված Trump International Hotel & Tower Baku շքեղ հյուրանոցային նախագիծն է։
2015 թվականի ապրիլին Թրամփին պատկանող DT Marks Baku ընկերության հաշվին փորձ է արվել փոխանցել 141 հազար 261 դոլար։ Գումարն ուղարկել էր շոտլանդական Faberlex LP ընկերությունը, որը չուներ գրասենյակ կամ աշխատակիցներ։ Ըստ հետաքննության՝ այդ ընկերությունը ֆինանսավորվել էր Ադրբեջանի պետական Baktelecom հեռահաղորդակցական ընկերության միջոցներով՝ Դանիայի Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի միջոցով։
Առաջին փոխանցումը տեխնիկական սխալի պատճառով չի իրականացվել։ Այնուհետև նույն գումարը փոխանցվել է օֆշորային Datemile Alliance ընկերությանը, իսկ 12 օր անց հասել է Թրամփին պատկանող մեկ այլ ընկերության՝ THC Baku Services-ին։
Լրագրողները պարզել են, որ Faberlex-ը և Datemile Alliance-ը ներգրավված են եղել «Ադրբեջանական լվացքատուն» սխեմայում։ Փոխանցումների բարդ շղթան և վճարումների տարբեր նշանակությունները դժվարացրել են գումարների իրական ծագման բացահայտումը։
Deutsche Bank-ի ներքին փաստաթղթերի համաձայն՝ մինչև 2015 թվականի սեպտեմբերը Թրամփին պատկանող երկու ընկերություններ առնվազն 3 միլիոն դոլար են ստացել կազմակերպություններից, որոնք, ըստ բանկային հետաքննության, առնչություն են ունեցել ադրբեջանական և ռուսական փողերի լվացման սխեմաներին։
2020 թվականի հունվարին Deutsche Bank-ի ամերիկյան ստորաբաժանումը կասկածելի ֆինանսական գործարքների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել՝ դրանում հիշատակելով DT Marks Baku և THC Baku ընկերությունների կապը ադրբեջանական սխեմայի հետ։
Միաժամանակ բանկի փաստաթղթերում հատուկ ընդգծվել է, որ Դոնալդ Թրամփն անձամբ կասկածյալ չի ճանաչվել։
Հետաքննությունը բացահայտում է նաև, թե ինչպես է Deutsche Bank-ը տարիներ շարունակ հատուկ գաղտնիության պայմաններ ապահովել Թրամփի և նրա հետ առնչվող ընկերությունների ֆինանսական գործարքների համար։
2016 թվականին ԱՄՆ նախագահ ընտրվելու պահին Թրամփը բանկին պարտք էր ավելի քան 300 միլիոն դոլար։ Դրանից հետո բանկը նրա և իր շրջապատի համար ստեղծել էր հատուկ վերահսկողության կարգավիճակ, որի շրջանակում ֆինանսական տվյալներին հասանելիություն ունեին սահմանափակ թվով աշխատակիցներ։
Ըստ հրապարակման՝ այդ համակարգի պատճառով կասկածելի գործարքները երկար ժամանակ դուրս են մնացել բանկի համապատասխան ստորաբաժանումների արդյունավետ վերահսկողությունից։
2021 թվականին Deutsche Bank-ը դադարեցրել է գործարար հարաբերությունները Թրամփի հետ։ Ավելի ուշ ամերիկյան Capital One բանկը փակել է նրան առնչվող ավելի քան 300 հաշիվ՝ այդ թվում Ադրբեջանի հետ կապված ֆինանսական գործարքների շուրջ փողերի լվացման կասկածների պատճառով։
«Le Monde»-ի հարցումներին Deutsche Bank-ը պատասխանել է, որ չի մեկնաբանում հաճախորդների հետ հարաբերությունները։ Capital One-ը և Trump Organization-ը չեն պատասխանել լրագրողների հարցերին։
Հետաքննությունը փաստագրում է կասկածելի ֆինանսական փոխանցումներ և դրանց կապը փողերի լվացման հայտնի սխեմաների հետ, սակայն չի հաստատում, որ Դոնալդ Թրամփն անձամբ մասնակցել է փողերի լվացմանը։



















