Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում նախատեսվող 42 կմ երկարությամբ TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ։
Բաքվում Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպումից հետո Բայրամովը նշել է, որ առանց Ադրբեջանի հետ կապի նախագիծը կորցնում է իր իմաստը։
«Անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը TRIPP նախագծի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումն էր։ Վերջին մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներն ու Հայաստանը բանակցություններ են վարել նախագծի իրականացման նախապատրաստման շուրջ։ Խոսքը Հայաստանի տարածքում 42 կիլոմետրանոց տրանսպորտային միջանցքի մասին է։ Սակայն, քանի որ այդ միջանցքի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին, նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է անպայման համաձայնեցվեն Ադրբեջանի հետ», – հայտարարել է Բայրամովը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ ստեղծված եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբը նոյեմբերի 6-ից քննարկում է տրանսպորտային ենթակառուցվածքների և էլեկտրահաղորդման գծերի տեխնիկական հարցերը։
Բայրամովը նաև հայտնել է, որ Ադրբեջանը նախատեսում է մինչև հաջորդ տարվա սկիզբն ավարտել իր տարածքում համապատասխան ճանապարհների և երկաթուղիների կառուցումը։



















