Գոյության տարածք. Հարութը և բույրերը

Գարնան ծաղիկների երանգը, հացի և սալորի ծառի ծաղիկների բույրը ու անտառների՝ եղևնու կանաչը, 15-ամյա Հարութ Տոնյանի համար ոչ միայն հիշողություններ են, այլև ստեղծագործելու, աշխատելու «հումք»։ Հարութը փորձում է բույրերը վերածել օծանելիքի, շշալցնել ու պահել հիշողությունը։ Ասում է՝ հավերժ։

«Հոտը մարդու հետ առնչվում ա, բույրի զգայարանն ամեն ինչ ա մարդու համար, հոտերը մարդու վարքագծի բացահայտման տարրերից են։ Մենք սիրում ենք հոտը, հետո՝ մարդուն։ Հոտերի իմացությունն ինձ ավելի շատ օգնում է, քան՝ խանգարում»,- ասում է նա։

Փոքրիկ ուղղանկյուն սեղանին վառ նարնջագույն փականներով տարաներ են՝ ոսկեգույն-դեղինի մուգուբաց բոլոր երանգների հեղուկներով լի։ Հարութը եղածներին ավելացնում է նաև ապակե մի քանի շիշ՝ մի մասը լիքը, մեկը՝ դատարկ։

«Մինչև պատերազմը ինձ մեր բակում գտնվող շլորի ծառի բույրն ա դուր եկել, երբ գարնանն աճում էր, պատերազմի ժամանակ սառնության բույրն էր ինձ դուր գալիս, պատերազմից հետո՝ ջրային նոտաներն ու ծաղկափոշու, որովհետև մենք նորից ապրում էինք, բլոկադայի ժամանակ՝ անորակ ցորենով պատրաստված հացի բույրը։ Կյանքիս էդ դրվագներն էդպես եմ հիշում»,- պատմում է Հարութը։ 

Գրամով շշալցված սովորական բրենդային օծանելիքի վաճառքով էին զբաղվում, մինչև բույրեր ստեղծելը։

«Մարդու ուղեղում էլ ա, չէ՞, տենց, հենց մի բանի մեջ վարժ ես դառնում, նեյրոնային համակարգը կապ ա ստեղծում»,- պատմում է Հարութը, որի գլխում էլ նեյրոնները կապ են ստեղծել ու եղբոր հետ բլոկադային Ստեփանակերտում Artsakh Perfume-ը հիմնել ոչ թե վերավաճառելու, այլ օծանելիք ստեղծելու նպատակով։ 

Բլոկադայի օրերին կիսադատարկ և դատարկ խանութներով քաղաքում, ասում է, ինքնաշեն օծանելիքները հիգիենայի եզակի պարագաներ էին։ Աննախադեպ վաճառք են ունեցել։ 

«Էդ ժամանակ երևի միայն մենք էինք յուրօրինակ արտադրանք ստեղծում, դե, պատկերացրեք քաղաքում վիճակը՝ օճառ չկա, շամպունի ու այլ պարագաների մասին էլ չեմ ասում, դրա համար գնում էին բոլորը՝ անկախ հոտն իրենց դուր էր գալիս, թե չէ»։

Տեղահանումից հետո Հարութի ընտանիքը բնակություն է հաստատել Էջմիածնում: Ասում է՝ վաճառքի գործը քչացել է, բայց այս պահին հիմնականում կենտրոնացած են բրենդի փոփոխության ու սովորելու վրա։ 

Հենց հոտերի իմացությունն է, որ Հարութին օգնել է ստեղծել իր բրենդը, որը պատրաստվում է փոփոխության ենթարկել։ Ասում է՝ համաշխարհային շուկայում չեն կարող ընդունել Արցախ անունը, Արցախ կլինի միայն մի ապրանքաշար, իսկ բրենդի անունը, երևի, Տոնյան կլինի, իր ազգանվամբ, ինչպես համաշխարհային շատ բրենդներինը։

«Չեմ կարող ջնջել Արցախ անվանումը, որովհետև ես Արցախից եմ, առաջին հերթին բիզնեսում առաջարկելու եմ ոչ թե արցախցի Հարութին, այլ պարֆյումեր Հարութին, որը նաև Արցախից ա։ Բովանդակալից պետք ա լինի պրոդուկտդ, հուզականություն էլ պետք ա լինի, հուզականությունն ա ստեղծում վաճառք, բայց առաջին հերթին մարդիկ պետք ա սիրեն բույրերը, իմ պրոդուկտը, հետո արդեն կմտածեն իմ արցախցի լինելու մասին»,- խոսելուն զուգահեռ բույրերով կախարդում է Հարութը՝ խառնելով եթերայուղը, սպիրտը, այլ բաղադրիչներ:

Խոսում է հետաքրքիր գրական հայերենով։ Պատմում է, որ մայրը բնիկ երևանցի է, բայց հայտնվել են Արցախում դեռ 90-ականներին։ 

«Մորական պապիկս մասնակցել ա Արցախյան պատերազմին, սիրահարվել էս բնությանը ու Երևանի տունը վաճառել, սկզբում Լիսագորում են ապրել, հետո տեղափոխվել են Շուշի։ Հայրս Ճարտարից ա՝ Մարտունու շրջան։ Հանդիպել են Արցախում, սիրահարվել, ամուսնացել»։

Հարութը ծնվել է Ստեփանակերտում, ուղիղ 15 տարի ապրել իր քաղաքում։ Մինչև օգոստոսի 28-ը եղբոր հետ այնտեղ են եղել, հետո՝ որպես ուսանողներ փորձել անցնել Հակարիի անցակետը։ Հիշեցնում է այն գերեվարված երեք ուսանողների դեպքը, ասում՝ իրականում իրենք էլ էին այդ խմբի մեջ, բայց բախտի բերմամբ իրենց Բաքու չեն հասցրել, այլ մինչև ռազմաբազա են տարել, մի քանի ժամ պահել ու բաց թողել։

Դրանից հետո եկել են միանգամից Էջմիածին։ Տեղավորվել են, հիմա ավագ դպրոց է գնում, 10-րդ դասարան է՝ բժշկական հոսք՝ քիմիա սովորելու համար։

Էջմիածին գալուց հետո իր ստեղծած բույրերի ձեռք բերած ճանաչման շնորհիվ «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամից թորման պրոֆեսիոնալ սարք է նվեր ստացել։ 

«Թե չէ Արցախինն ինքնաշեն էր»,- ծիծաղում է նա։ 

Ինքնաշեն սարքը, ինչպես նաև իր ստեղծած բույրերի լաբորատորիան և բազմաթիվ այլ իրեր Հարութը թողել է Ստեփանակերտում։ 

«Արցախից ինձ հետ բերել եմ հիշողությունս՝ հոտերով։ Դա էլ առավելություն է»,- նշում է նա։

Երազանքները շատ են, նպատակները՝ նույնպես։ Ասում է՝ կրթությունն ամենակարևորն է, ուզում է կա՛մ Ֆրանսիա, կա՛մ Իտալիա գնալ ուսանելու։ Բայց երկարաժամկետ դասընթացներ չի սիրում, այս պահին դեռ չի պատրաստվում ուսումը շարունակել համալսարանում։

Վստահ է՝ ևս մեկ տարի, ու կունենա իր բրենդը. «Բիզնեսում էլ երևի ամենակարևորը բրենդի ստեղծումն ա»։

«Այդ փոքրիկ շշերը բացելիս մարդիկ պիտի հիշեն Արցախի մասին»,- երազում է Հարութն ու ավելացնում, որ կհասնի իր երազանքին, երբ շնչելով իր ստեղծած բույրը, մարդիկ կզգան իր Արցախի հոտը՝ տատիկի այգու վարդերի բույրը։ 

Կզգան ու կտեսնեն այն, ինչն աչքերը չեն տեսնում, բայց երևում է։ 

Անի Մինասյան

MediaLab.am