Նոր Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջիկայում կսկսվի դրա ընդունման գործընթացի գործնական փուլը։
Նրա խոսքով՝ նախագիծը մշակվել է քննարկումների արդյունքում և ներառում է հիմնական քաղաքական դրույթները, որոնք ներկայացվել են նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Փաշինյանն անդրադարձել է նաև խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներին՝ ընդդիմադիր ուժերին հարցեր ուղղելով Անկախության հռչակագրի դրույթների և Լեռնային Ղարաբաղի հարցում նրանց դիրքորոշման վերաբերյալ։
Վարչապետի պնդմամբ՝ 1990 թվականի Անկախության հռչակագրում առկա որոշ դրույթներ Հայաստանի Հանրապետությունը ներքաշում են հակամարտային տրամաբանության մեջ։ Նա անհրաժեշտ է համարել երկիրը դուրս բերել այդ տրամաբանությունից և արտաքին քաղաքականությունը կառուցել լեգիտիմության սկզբունքների հիման վրա։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի հայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այդ հարցերը կապված են նաև տարածաշրջանում փոխադարձ վերադարձի պահանջների և հնարավոր հակամարտությունների հետ։
Վարչապետը նշել է, որ նոր Սահմանադրության անհրաժեշտության շուրջ խորհրդարանական քննարկումները բացահայտել են խնդրի կարևոր քաղաքական շերտերը։



















