Ամերիկյան The New York Times պարբերականը հայկական ավանդական ղափաման առաջարկել է որպես Գոհաբանության տոնի (Thanksgiving) սեղանի գլխավոր ուտեստներից մեկը:
Այս տպավորիչ բուսակերական ուտեստը՝ Գոհաբանության օրվա տոնական սեղանի համար, պատրաստված է հայկական ղափամայի օրինակով։ Այն աշնանային խոհանոցի յուրահատուկ ուտեստ է, որի տարբերակները բազմաթիվ են։ Ավանդաբար այն պատրաստում են ջեռոցում թխված դդմով, որը պատում են մեղրով և լցոնում բրնձով, ընկույզով ու չրերով՝ ծիրանով և բալով,գրում է The New York Times-ը:
Այս բաղադրատոմսում, սակայն, ղափաման ներկայացված է ավելի կծու և հագեցնող տարբերակով՝ որպես տոնական սեղանի գլխավոր ուտեստ։ Հեղինակները ոգեշնչվել են հարևան Իրանի և Լևանտի խոհանոցներից, որտեղ բրնձով, ոսպով և չրերով պատրաստվող ուտեստները լայն տարածում ունեն։
Բաղադրատոմսում օգտագործվում են նաև եղեսպակ, պրաս, մեղրի փոխարեն՝ թխկու օշարակ, իսկ լոռամիրգը հիշեցնում է ամերիկյան Գոհաբանության օրվա ավանդական համերի մասին։
Ի տարբերություն հնդկահավի՝ այս ուտեստը հեշտ է բաժանել տոնական սեղանի շուրջ։ Դդմի բնական ակոսները հնարավորություն են տալիս այն կտրատել գեղեցիկ շերտերով․ կտորները բացվում են ծաղկի թերթիկների պես՝ բացահայտելով բուրավետ, տաք և փափուկ բրնձային միջուկը։
Աշնան վերջը բնության վերածննդի ժամանակը չէ, սակայն այս ուտեստը սեղանին ծաղկի տեսք է հաղորդում։



















