Դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում վիրավորված զինվորի առողջական վիճակում դրական դինամիկա կա, սակայն նա դեռ մնում է ծայրահեղ ծանր վիճակում:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Նա անդրադարձավ դեպքի հետ կապված տարածված տեղեկություններին և դիտարկումներին՝ նշելով, որ դրանց մի մասն անհիմն է:
«Օրինակ, լսել եմ, ասում են, թե վիրավոր զինծառայողը Ստեփանակերտի հոսպիտալում է գտնվում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Առնվազն երկու օր առաջ մենք կազմակերպել ենք նրա տեղափոխումը Երևան, և Հայաստանի լավագույն բժիշկները մասնակցել են նրա բուժմանը, այդ թվում՝ վիրահատական միջամտությանը: Ես տպավորություն ունեմ, թե հասարակության մեջ փորձ է արվում դժգոհություն հրահրել»,-ասաց Գաբրիել Բալայանը:
Նախարարի տեղակալն անընդունելի համարեց կոնկրետ այս բացասական դեպքը ընդհանուր զորամասի հետ կապելը:
«Այդ զորամասը բավական տպավորիչ մարտական ուղի ունի: Հարցրե՞լ եք, թե այդ զորամասում Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրված քանի սպա է ծառայություն անցնում, քանի «Մարտական խաչ» ունեցող զինծառայող է զորացրվել այդտեղից: Ի վերջո, չմոռանանք, որ դա Քյարամ Սլոյանի ծառայած զորամասն է, Արմենակ Ուրֆանյանի ծառայած զորամասն է: Որևէ բացասական դեպք զորամասով պայմանավորելը ես գտնում եմ անթույլատրելի»,-ասաց Գաբրիել Բալայանը:
Նա տեղեկացրեց, որ դեպքի հետ կապված քրեական գործը հարուցված է, օպերատիվ միջոցառումներն իրականցված են, նյութերը հանձնվել են համապատասխան կառույցին: ՀՀ ՊՆ-ն պարբերաբար կապի մեջ է Պաշտպանության բանակի հրամանատարության հետ: