«ԳԱԼԱ»-ի անտենան՝ իշխանությունների կոկորդին.հեռուստաընկերության հայտարարությունը

«ԳԱԼԱ»-ի անտենան՝ իշխանությունների կոկորդին.հեռուստաընկերության հայտարարությունը
«ԳԱԼԱ»-ի անտենան՝ իշխանությունների կոկորդին.հեռուստաընկերության հայտարարությունը
Հեղինակ MediaLab

Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի եւ «ՉԱՊ» ՍՊԸ –ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի միացյալ գործերով դատաքննությունն ավարտվեց: Այսօր ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շիրակ Երեմի Հակոբյանը հրապարակեց վճիռ, ինչը հերթական անգամ փաստեց, որ իշխանությունների արշավը անկախ լրատվամիջոցների դեմ շարունակում է  ավելի ահագնանալ:
Դատարանը  բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցը եւ պահանջեց մեկամսյա ժամկետում Վ.Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել  «ՉԱՊ» ՍՊ ընկերությանը պատկանող հաղորդակի մաս հանդիսացող, հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռը /անտենան/ եւ մալուխը: Իսկ «ՉԱՊ» ՍՊ ընկերության  հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ անվճար  հարկադիր սերվիտուդ  սահմանելու պահանջը, դատարանը մերժեց:

Դատավորը նաեւ կողմերին զգուշացրեց, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում, այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով:

Հիշեցնենք, որ այս գործով ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս  2008թ.-ին էր նույն որոշումը կայացրել: Վերաքննիչ դատարանը եւս մնաց նույն դիրքորոշմանը, որ քաղաքապետարանի հայցը ենթակա է բավարարման, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործը դարձյալ ուղարկեց ՀՀ  ՇՄ Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով , նոր քննության: Նոր կազմը եւս մնաց հաստատակամ եւ կայացրեց այնպիսի որոշում, որը սպասելի էր: Իսկ այս գործի նախապատմությունը, երկարաժամկետ հետաձգումները, կասեցումները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ պարզապես իշխանություններն  իրենց առաջ խնդիր էին դրել ժամանակ շահել եւ ճիշտ պահին լռեցնել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը:

Հարկ ենք  համարում տեղեկացնել, որ դատական հերթական որոշումը մենք համարում ենք ակնհայտ կողմնակալ եւ ապօրինի, ուստի շարունակելու ենք պայքարը ազատ խոսքի պաշտպանության եւ հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու սահմանադրական իրավունքի համար: