Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ
Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Ինձ համար մեծ հաճույք և պատիվ է գտնվել բարեկամ Ֆրանսիայում: Ամեն անգամ ես առանձնահատուկ սիրով եմ գալիս այս հիասքանչ երկիր՝ հաշվի առնելով այն ջերմ ընդունելությունը, որ մշտապես ցուցաբերվում է և այն մթնոլորտը, որ տիրում է Ֆրանսիայի ղեկավարների հետ մեր բանակցությունների ընթացքում:
Ֆրանսիան և Հայաստանը պատմական առնչություններ են ունեցել, ինչը շատ լավ հիմք են հանդիսացել մեր միջպետական հարաբերությունների համար: 20-ամյա տարեդարձը բոլորած մեր միջպետական հարաբերություններն այսօր միանշանակորեն կարելի է բնութագրել որպես բարեկամական և եղբայրական:
Այս անգամ ես եկել եմ Ֆրանսիա, որպեսզի Ֆրանսիայի նախագահ, հայ ժողովրդի և իմ շատ լավ բարեկամ Ֆրանսուա Օլանդին ասեմ, որ Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնելու հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգը:

Պարոն Նախագահը շատ հակիրճ նկարագրեց մեր զրույցի թեմաները: Ուզում եմ ընդամենն ավելացնել երկու հանգամանք: Մեկ հանգամանքն այն է, որ մենք, իրոք, կցանկանայինք, որպեսզի ֆրանսիական կապիտալն ընդլայնվեր Հայաստանում, որովհետև այսօր և՛ Հայաստանն ունի դրա կարիքը, և՛ իհարկե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները վերացնելու համար սա միգուցե շատ փոքր, բայց լավ հնարավորություն է: Եվ ուզում եմ մեկ անգամ ևս իմ խորին շնորհակալությունը հայտնել Ֆրանսիայի ժողովրդին, Ֆրանսիայի իշխանություններին՝ հայոց ցեղասպանության նկատմամբ այդքան ուշադիր և սկզբունքային դիրքորոշում ունենալու համար: Ես գիտեմ, որ պարոն Օլանդը օրինագծի ակունքներում էր կանգնած և ես գիտեմ, թե որքան ուշադիր և ջերմ է նա հայկական հարցերի նկատմամբ, ընդհանրապես հայերի նկատմամբ: Մենք հպարտ ենք, որ Ֆրանսիայում ապրում է շուրջ 500.000 հայ և այդ հայերից շատ-շատերն ակտիվ մասնակցություն են ունեցել Ֆրանսիայի զարգացման գործում: Նրանք հավասարապես և՛ հայ են, և՛ ֆրանսիացի: Նրանք հավասարապես սիրում են և՛ Հայաստանը, և՛ Ֆրանսիան: Եվ մեր խնդիրն է, որպեսզի մենք կարողանանք նրանց ողջ ներուժը օգտագործել մեր բարեկամությունը հավերժ պահելու համար:

Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար և, իհարկե, շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը 2013թ. պետական այցով գալ Հայաստանի Հանրապետություն: